Կաննի մրցանակակիր թուրք ռեժիսորը «Ոսկե ծիրանում»
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի երևանյան պրեմիերաների շարքում թուրք հայտնի ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանը անձամբ կներկայացնի իր՝ Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմը՝ «Մի անգամ Անատոլիայում»:
Նուրի Բիլգե Ջեյլանին մեծ հռչակ է բերել իր առաջին կինոնկարը` Կաննում ներկայացված «Օտարացում» ժապավենը:
«Մի անգամ Անատոլիայում» ֆիլմի գլխավոր հերոսը Անատոլիայում բնակվող բժիշկ է: Ֆիլմում ներկայացված են նույն քաղաքի տարբեր բնակիչների մասին պատմություններ: Ըստ ռեժիսորի` կյանքը փոքր քաղաքում նման է տափաստաններում շրջելուն. շարունակ թվում է, թե «նոր ու անսովոր բան» կլինի բլրի հետևում, բայց միշտ հար և նման, մի տեղ տանող, անհետացող կամ երկարուձիգ, միապաղաղ ճամփաներ են… Կերպարներին դնելով անսովոր իրավիճակների մեջ` Ջեյլանը հաճախ էքսցենտրիկ լուծումներ է առաջարկում հանդիսատեսին` ցույց տալով կյանքի թե լուսավոր, թե դաժան կողմերը:
«Ոսկե ծիրան» 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ը:










