«Երաժշտություն և կինո» միջազգային փառատոնի շրջանակում ելույթ կունենա նաև Ջիվան Գասպարյանը
Այսօր երեկոյան Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մեկնարկում է «Երաժշտություն և կինո» միջազգային փառատոնը։ Երեկոն կվարեն Ռուսաստանի ժողովրդական արտիստ Էմանուիլ Վիտորգանը և դերասանուհի, մոդել Անաստասիա Մակեևան։ Նրանք հանրությանը կներկայացնեն միջազգային ժյուրիին, որը գլխավորում է կինոդրամատուրգ, ռեժիսոր և դերասան Ալեքսանդր Ադաբաշյանը։
Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, փառատոնի շրջանակում անցկացվելու է «Հոգու էկոլոգիա» միջազգային կինոֆորումը, որի ժամանակ ներկայացվելու է այս տարվա ռուսական լավագույն ֆիլմերի պանորաման և Բարձր կուրսերի սցենարիստների և ռեժիսորների հատուկ նախագիծը։ Փառատոնի շրջանակում կանցկացվի նաև կարճամետրաժ դեբյուտային և ուսանողական աշխատանքների միջազգային մրցույթ։ Փառատոնի նախագահն է հայտնի սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան։
Փառատոնի շրջանակում կինոծրագրից բացի երաժշտական ծրագիր է անցկացվելու, որի, թերևս, ամենասպասված ելույթներից է Կուստուրիցայի համերգը The No Smokin Orchestra խմբի հետ։
Բացի այդ, ելույթ կունենա հայտնի ֆրանսիական Nouvelle Vague խումբը, որը համաշխարհային հիթերը կկատարի Ջիվան Գասպարյան դուդուկի ուղեկցությամբ։ Երաժշտական ծրագիրը կեզրափակի Անտոնիո Գադեսի բալետը՝ «Կարմեն» ներկայացումով։










