Ավեդիքյանը Երևանում հասկացավ, թե ինչ էր պակասում Փարաջանովի մասին իր ֆիլմին
«Ես վստահ եմ, որ հնարավոր չէ խաղալ այդ դերը, պետք է ապրել այդ կյանքը»,- այսօր Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց «Փարաջանով, գեղեցիկի սիրահարը» ֆիլմի գլխավոր դերասան և ռեժիսոր ֆրանսահայ Սերժ Ավեդիքյանը։ «Ես հասկացա, որ լիովին պետք է խրվեմ, սուզվեմ այս ֆիլմի մեջ, որ ճիշտը դուրս գա, ոչ թե՝ խաղը։ Կլինի տիպիկ կերպարային, գեղարվեստական իրականացում»,- ասաց նա։
«Փարաջանով, գեղեցիկի սիրահարը» միջազգային նախագիծ է, և դրանով հեղինակները ցանկանում են արժանին մատուցել Սերգեյ Փարաջանովին, ով «փառքով պսակեց Հայաստանը, Ուկրաինան և Վրաստանը»։ «Նա 21 տարի է, ինչ մահացել է, և պետք է, որ իր մասին ֆիլմ նկարվի, որովհետև իր անունը գիտեն, բայց իր ոճը մոռացվում է»,- ասաց ռեժիսորը։
Ավեդիքյանը պատմեց Փարաջանովի հետ իր ծանոթության մասին՝ հիշելով, որ արդեն հիվանդ Փարաջանովը մի հանդիպման ժամանակ խոկուն ասել էր. «Հայերը լավ թաղում շինել գիտեն»։
Սցենարը կազմված է ըստ նրա կյանքի տարբեր ժամանակաշրջանների. սկսվում է գրեթե ավարտից, հետո գնում Կիև, այլ վայրեր, ներկայացնում նրա աշխատանքային, ստեղծագործական կյանքը։
Ռեժիսորն ասաց, որ վերջերս անընդհատ զգացողություն էր ունենում, թե ֆիլմին «մի բան պակասում է», և «Ոսկե ծիրան» կինոփառատոնի այս օրերին է գտել, թե ինչ դետալ էր դա։ «Իր ծնողների հետ հարաբերություններն իրոք մեծ ազդեցություն են ունեցել։ Գիտեք, որ իր հայրը անտիկվար էր, և ինչպես էր կարևորում առարկաները. և ես հասկացա... հենց դա՝ իր ծնողների հետ հարաբերությունների դետալն էր պակաս»,- ասաց նա։
«Երբ Փարաջանովը փոքր էր,- պատմեց Ավեդիքյանը՝ պատասխանելով սցենարին վերաբերող հարցին,- նրա ծնողները նրան տալիս էին ադամանդներ՝ կուլ տալու, նա մարսում էր ու հանում էր դրանք. և նա իր ողջ կյանքում հենց դրանով է զբաղվել»,- ասաց Ավեդիքյանը։ Նա ասաց, որ ֆիլմի կարևոր խնդիրներից է նաև Սոֆիկո Չիաուրելիի կերպարի վերհանումը։










