Գյումրեցիները դեռ պահանջում են վերադարձնել Մինասի որմնանկարները

14:02 • 12.07.11

Գյումրիից տարված Մինասի չորս որմնանկարները վերադարձնելու պահանջով անցած ամիս վարչապետին 4038 անձանց ստորագրություններով հղված պահանջագրին միանալու ցանկություն են հայտնել բազմաթիվ քաղաքացիներ և կազմակերպություններ: Այս մասին տեղեկացնում է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն, որը մինչև օրս չի ստացել 4038 քաղաքացիների ստորագրություններով հունիսի 22-ին վարչապետին ուղարկված պահանջագրի պատասխանը:

«Շիրակ կենտրոնի» գրասենյակում վերջին տասն օրվա ընթացքում հավաքված 937 անձանց ստորագրություններով պահանջագիրը կից նամակով այսօր կրկին ուղարկվել է Տիգրան Սարգսյանին: Նամակում նշվում է.

«Հարգելի պարոն վարչապետ

Ինչպես արդեն տեղյակ եք, ՀՀ կառավարության` Գյումրիից Մինասի որմնանկարների տեղափոխման նախաձեռնությունը բուռն բողոքի ալիք է բարձրացրել: Ավելին, գյումրեցի մշակույթի գործիչների, քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչների և անհատ քաղաքացիների նախաձեռնությամբ կազմակերպվել է Գյումրիից տարված չորս որմնանկարների վերադարձման պահանջով ստորագրահավաք: Այս գրությանը կից ուղարկում ենք ևս 937 քաղաքացիների ստորագրություններով պահանջագիրը»:

«Շիրակ կոնտրոնից» հայտնում են, որ ստորագրահավաքը շարունակվում է, և ցանկացողները կարող են միանալ: Ձևաթուղթը տեղադրված է «Շիրակ կենտրոնի» կայքում: