6/8-ը պետք է լսենք ու մոռանանք, որ տխուր ազգ ենք. նախկին Սասունցի Դավիթ (երգի ձայնագրություն)
6/8-ը (երաժշտական չափ, որը բնորոշ է հայկական պարերգային երաժշտությանը) պետք է մեր ժողովրդին, որ լսեն, ուրախանան ու մոռանան, որ մենք տխուր ազգ ենք։ Լրագրողների հետ այսօրվա հանդիպմանն այս մասին ասաց երգիչ Դավիթ Թուջարյանը (նախկինում հայտնի էր Սասունցի Դավիթ անունով)։
«Ես շատ միջոցառումների եմ լինում և գիտեմ, որ մեր ժողովուրդը ուրախանալու կարիք ունի։ Մեր աշուղները գրել են երգեր 6/8 ժանրի մեջ. և կարիք չկա թաքցնելու, որ իրենք 6/8 են լսում, ոչ մի ամոթ բան չկա»,- ասաց նա։
«Կարծում եմ՝ թաքուն լսելն է ամոթ»,- շարունակեց երգչի մայրն ու նրա երգերի հեղինակ Գայանե Աստվածատրյանը։
Պատասխանելով այն հարցին, թե ինչու ինքն այլևս Սասունցի Դավիթ անունով հանդես չի գալիս, երգիչն ասաց. ««Սասունցի Դավիթ»-ն ընդամենը պրոյեկտ էր, որն ավարտվեց։ Քանի որ իմ անունը Դավիթ է, ես վերցրի Դավթի հատվածը, թե չէ, եթե Սանասարից որ սկսեինք մինչև Փոքր Մհեր, ես չէի հասցնի ավարտել։ Իսկ Թուջարյան անունը շուտով սովորական կդառնա»,- ասաց երգիչը։










