Օքսֆորդի համալսարանը զարդարող նկարը կարող է պատկանել Միքելանջելոյին

22:13 • 14.07.11

Օքսֆորդի համալսարանի պատը զարդարող նկարը, որի վրա պատկերված են Քրիստոսը և Սուրբ Մարիամը, կարող է Միքելանջելոյի աշխատանքը լինել: Եթե այս ենթադրությունը հաստատվի, նկարի արժեքը կաճի մինչև 150 միլիոն դոլար:

Մինչ օրս համարվում էր, որ նկարը պատկանում է Միքելանջելոյի ժամանակակից Մարչելո Վենուստիի վրձնին: Սակայն իտալացի գիտնական Անտոնիո Ֆորչելլինոն պնդում է, որ նկարը նորագույն տեխնոլոգիաներով հետազոտելուց հետո համոզվել է, որ այն պատկանում է հենց Միքելանջելոյին:

Իսկ ահա Վաշինգտոնի համալսարանի՝ Միքելանջելոյի գործերի մասնագետ Ուիլյամ Ուելլեսը հայտարարել է, որ նկարի իրական հեղինակին պարզել հնարավոր չէ:

Այժմ նկարը Օքսֆորդի համալսարանի կողմից փոխանցվել է բրիտանական թանգարաններից մեկին: Նախատեսվում է, որ աշնանը Միլանից ու Հռոմից ժամանած մասնագետները մանրակրկիտ հետազոտությունների արդյունքում վերջնական եզրահանգման կգան նկարի հեղինակի վերաբերյալ, հաղորդում է Daily Mail-ը: