Իտալացի վարպետները Շուշիի կրաքարից քանդակներ կկերտեն ու կնվիրեն Արցախին
Շուշիում անցկացվում է «Հակոբ Գյուրջյան» քանդակի առաջին միջազգային սիմպոզիումը` ի հիշատակ շուշեցի մեծանուն քանդակագործի։ Այն մեկնարկել է հուլիսի 15-ին և նախատեսվում է ամփոփել հուլիսի 29-ին։ Այս մասին տեղեկացնում է «Նարեկացի» արվեստի միության կայքը։
Սիմպոզիումին մասնակցում են Ֆլորենցիայի պետական համալսարանի պրոֆեսորներ Կարոլինա Ջովանելին, Մադալենա Ջովանելին, Լուիզա Մորոնին, 22 քանդակագործներ, նկարիչներ: Որպես պատվավոր հյուր՝ հրավիրված է նաև Հռոմի գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր Ջերարդո Լո Ռուսոն:
Այս ընթացքում քանդակի վարպետներն Արցախում կանցկացնեն դասախոսություններ, վարպետության դասեր։ Կլինեն ցուցահանդեսներ և կինոդիտումներ՝ հագեցած ժամանակացույցով։ Շուշիի կրաքարից, արվեստագետներից յուրաքանչյուրն ազատ թեմայով կկերտի իր քանդակը՝ այն նվիրելով քաղաքին։ Քանդակի ընտրության նյութը ևս խորհրդանշական է, քանի որ հենց այդ քարից է կառուցված Շուշի քաղաքի սուրբ Ղազանչեցոց եկեղեցին:
Սիմպոզիումի արդյունքները նախատեսվում է ամփոփել հայերեն, իտալերեն, անգլերեն լեզուներով ծավալուն հավաքածուում՝ արվեստի անվանի քննադատ Ֆրանչեսկո Գալլոյի հեղինակությամբ:
Սիմպոզիումն անցկացվում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ, Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի ու Շուշիի քաղաքապետարանի աջակցությամբ և «Նարեկացի» արվեստի միության անմիջական մասնակցությամբ:










