Լեդի Գագան ենթարկվել է նոր հարձակման
Համակարգչային հաքերներն այսօր հարձակում են գործել ամերիկյան երգչուհի Լեդի Գագայի պաշտոնական կայքի վրա, թեև հունիսին մի գերմանացի երիտասարդ երգչուհու կայքը կոտրելու ու չհրապարակված երգերը գողանալու համար դատապարտվել էր 18 ամիս ազատազրկման, հաղորդում է BBC-ն:
Երգչուհու ներկայացուցիչները հայտարարել են, որ այս անգամ կայքից գաղտնի տեղեկատվություն գողանալ հաքերներին չի հաջողվել:
Նրանք նաև հայտնել են, որ արդեն դիմել են ոստիկանություն և հույս ունեն, որ հանցագործները կհայտնաբերվեն և կենթարկվեն պատասխանատվության:
Սակայն վերլուծաբանները հայտնում են, որ ոստիկանությանը հավանաբար չի հետաքրքրի այս «փոքր միջադեպը», քանի որ նրանք ծանրաբեռնված են LulzSecurity հաքերական խմբավորման անդամներին բացահայտելով: Հիշեցնենք, որ վերջերս այդ խմբի անդամները կոտրել էին Sun թերթի պաշտոնական կայքը:










