Հաջիչին ձերբակալել են Մոդիլիանիի կտավի շնորհիվ

22:05 • 20.07.11

Խորվաթիայի սերբերի նախկին առաջնորդ Գորան Հաջիչի ձերբակալմանն օգնել է հռչակավոր իտալացի նկարիչ Ամեդեո Մոդիլիանիի նկարը, հաղորդում է Frace Presse-ը՝ վկայակոչելով սերբ դատախազ Վլադիմիր Վուկչևիչը:

Նա հայտնել է, որ Մոդիլիանիի «Տղամարդու դիմանկար»-ը հայտնաբերվել է 2010-ի դեկտեմբերին՝ ոմն Զորան Մանդիչի բնակարանի խուզարկության ընթացքում, ում ոստիկանությունը կասկածում էր փախուստի մեջ գտնվող Հաջիչի հետ կապեր ունենալու մեջ:

Սերբ քննիչները ենթադրել են, որ Մոդիլիանիի կտավը, որի արժեքը գնահատվում է մի քանի միլիոն եվրո, Հաջիչի մոտ է հայտնվել Խորվաթիայում 1991-1995-ի պատերազմի ընթացքում: Մանդիչը 2010-ին փորձել է վաճառել կտավը: Իրավապահները ենթադրում են, որ գումարը հարկավոր է եղել Հաջիչին՝ Բալկանյան թերակղզուց փախուստի դիմելու համար:

«Դա նշանակում էր, որ Հաջիչը գումարների խնդիր ուներ, ու մենք գնացինք այդ հետքով»,-ասել է դատախազը՝ հավելելով, որ Մոդիլիանիի կտավի հայտնաբերումը «ստրատեգիական առաջընթաց» էր՝ Հաջիչին հայտնաբերելու ճանապարհին:

Հիշեցնենք, որ Հաջիչը ձերբակալվել է այսօր: Սերբիայի դատարանը վճռել է մարդկության դեմ գործած ու ռազմական հանցանքներում մեղադվող քաղաքական գործիչին հանձնել Հաագայի դատարանին: