Ադրբեջանն ու Թուրքիան հայաստանյան Եվրատեսիլին մասնակցության հայտ չեն ներկայացրել

18:16 • 21.07.11

Երևանի մարզահամերգային համալիրում դեկտեմբերի 3-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2011» մրցույթին մասնակցության համար արդեն դիմել են տասներկու երկրներ: Դրանց թվում են Վրաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան մասնակցության հայտ դեռ չեն ներկայացրել: Մասնակից երկրների հայտերի ընդունումը շարունակվում է:

Հուլիսի 20-ին ավարտվել է նաև երգերի հայտերի ընդունման ժամկետը. ներկայացվել է 50 հայտ, սակայն, ինչպես այսօր հրավիրված ասուլիսում նշեց «Եվրատեսիլ»-ի երաժշտական պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը, հաշվի առնելով արձակուրդային շրջանով պայմանավորված երեխաների` երկրից բացակայությունը, ընդունող հանձնաժողովը կգործի մինչև օգոստոսի 20-ը, և նոր հայտեր կարող են ներկայացվել: Երգի ընտրության մրցույթը կլինի սեպտեմբերի 18-20-ն ընկած ժամանակահատվածում: «Հայաստանը պատվով և որակով ելույթ պետք է ունենա, մանավանդ, որ մրցույթն անցնելու է Երևանում: Առաջնահերթ է ներկայացման որակը»,-նշեց Գրիգոր Նազարյանը:

Տեխնիկական պատրաստվածության համար աշխատանքների իրականացման պլան է մշակվել, աշխատանքները ծրագրման փուլից անցել են իրականացմանը:

Սեպտեմբերի 1-ին կներկայացվեն շոուի սխեման, դահլիճը, բեմը: Ծախսվելիք գումարի չափը հստակ կլինի միայն մասնակից երկրների վերջնական թվի հիման վրա: «Ապացուցելու ենք, որ ցանկացած մասնակցի համար կարող ենք ապահովել խաղաղ եւ ուրախ շաբաթ»,- նշեց «Եվրատեսիլ»-ի հայկական պատվիրակությունների ղեկավար Գոհար Գասպարյանը: Կազմվում է անվտանգության մանրամասն պլան և դրան համապատասխան կապահովվի մասնակիցների անվտանգությունը:

Մրցույթն ունի իր տարբերանշանը և նշանաբանը՝ «Հասիր բարձունքին»։ Շոուն վարողների մի քանի տարբերակ է քննարկվում. դրանց թվում նաև Գարիկ Մարտիրոսյանի անունը կա:

Կազմակերպիչները կձգտեն ընդունված եվրոպական չափանիշներից ավելի բարձր, համաեվրոպական վառ շոու կազմակերպել` մրցույթի միջոցով նաև ներկայացնելով Հայաստանը:

Սպասվում է պատվիրակությունների մոտ հինգ հարյուր անդամների ժամանում:

Ինչ վերաբերում է տոմսերի գներին, ապա նշվեց, որ դրանք դեռ հստակ որոշված չեն, բայց կազմակերպիչները խոստանում են, որ տոմսերը հասանելի և մատչելի կլինեն բոլորի համար։

Ադրբեջանում «Եվրատեսիլ 2012»-ին Հայաստանի մասնակցությունը հարցականի տակ է. ինչպես ադրբեջանական կողմը, այնպես էլ եվրոպական երկրներն ու Եվրոպական հեռար ձակողների միությունը պետք է անվտանգության հստակ երաշխիքներ տրամադրեն, որպեսզի վճռվի Հայաստանի մասնակցության հնարավորությունը: