Նորա Արմանին Հայաստանում ֆիլմ կնկարահանի
Ֆրանսահայ դերասանուհի Նորա Արմանին նախատեսում է երկու ֆիլմ նկարահանել, որոնցից մեկը ծրագրում է կյանքի կոչել Հայաստանում՝ հաջորդ տարի։ Կինոժապավենի գլխավոր հերոսուհին ինքն է լինելու։ Առաջիկա ծրագրերի թվում նախանշվում է նաև դերասանահու կողմից իր իսկ աշխարհասփյուռ գերդաստանի մասին պատմության էկրանավորումը։ Նորա Արմանին հույս ունի մտահղացումն իրագործել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի։
Լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը, ի պատասխան այն հարցի, թե արդյո՞ք տեսնում է հայկական կինոարվեստի զարգացման միտումներ, դերասանուհին ասաց. «Այո, անշուշտ, տեսնում եմ։ Բայց նաև առաջարկ ունեմ, որ հայ գործարարները, ովքեր շենքեր կամ որևէ հիմնարկներ են կառուցում, նրանց օրենքով պարտադրվի, որպեսզի իրենք իրենց ծախսվելիք միջոցներից որոշակի տոկոս հատկացնեն՝ որևէ մշակութային ձեռնարկ հովանավորելու նպատակով»։ Նորա Արմանին հավելեց, որ այդ առաջարկով նա պատրաստ է հանդիպել նույնիսկ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ։










