Նորա Արմանին պատմեց «Ոսկե ծիրանից» իր տպավորությունների մասին

14:05 • 21.07.11

Ֆրանսահայ հայտնի դերասանուհի Նորա Արմանին լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը պատմեց հայաստանյան հերթական այցից իր տպավորությունների մասին։

Սփյուռքահայ դերասանուհին Հայաստան էր այցելել հուլիսի 10-17-ը Երևանում կազմակերպված «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին մասնակցելու նպատակով։

Նորա Արմանին ափսոսանքով նշեց, որ ինքը տեխնիկական պատճառներով կինոփառատոնի բացումից չորս օր հետո է ժամանել Երևան, ինչը հնարավորություն չի տվել ծանոթանալ փառատոնին ներկայացված հայ կինոռեժիսորների ստեղծագործություններին։

Այնուամենայնիվ դերասանուհին ասաց, որ բավականին տպավորված է. «Նախ ասեմ, որ շատ երջանիկ եմ։ Շատ հաճելի է հանդիպել ծանոթ ու անծանոթ արվեստագետների, փոխանակել գաղափարներ։ Առաջին անգամն է, որ մասնակցում եմ «Ոսկե ծիրան» փառատոնին։ Նախկինում առիթներ, հրավերներ եղել են, սակայն ինչ–ինչ պատճառներով չէր ստացվում։ Այս անգամ վճռեցի անպայման գալ ու մասնակցել»։

Խոսելով բուն կինոփառատոնից իր տպավորությունների մասին՝ Նորա Արմանին առանձնացրեց «Ոսկե ծիրանի» բազմազանությունն ու այժմեականությունը։ Նա նշեց նաև, որ փառատոնը բոլոր առումներով բավականին բարձր մակարդակ ունի։

Դերասանուհին առանձնահատուկ կերպով հիշատակեց 1991 թվականի իր առաջին այցը Հայաստան, երբ առաջարկություն ստացավ նկարահանվել անկախ Հայաստանի առաջին անկախ ֆիլմում («Ժամկետը՝ յոթ օր», ռեժիսոր՝ Արա Երնջակյան)։ Վերջին անգամ Նորա Արմանին Երևան էր եկել երեք տարի առաջ՝ «Արմմոնո» թատերական փառատոնին մասնակցելու նպատակով, ինչի շրջանակում ներկայացել էր Վիլյամ Սարոյանի «Հայրիկ, դու խենթ ես» պիեսը՝ ամերիկահայ հանճարեղ գրողի ծննդյան հարյուրամյակի առթիվ։