Սյուրռեալիստները Ազգային պատկերասրահ են բերում ռեկորդային թվով մարդկանց (տեսանյութ)

18:15 • 22.07.11

Ազգային պատկերասրահում սյուրռեալիստների ամենահայտնի ներկայացուցիչ Սալվադոր Դալիի և մյուսների աշխատանքների ցուցադրությունը շարունակվում է: Տարածաշրջանում նախադեպը չունեցող ցուցադրությունն իր շուրջն է համախմբել ռեկորդային թվով մարդկանց. ամեն օր 400-ից ավելի մարդ է հաճախում ցուցահանդես:

Դալիի աշխատանքները Հայաստանում ցուցադրելու մասին սկսեցին խոսել դեռ անցյալ տարեսկզբին: Ցուցադրությունը կազմակերպվել է Արժիլեների ընտանիքի ամենակրտսեր ներկայացուցչի՝ Քրիստին Արժիլեի ջանքերով: Նա իրենց ընտանիքին պատկանող օֆորտների ամենամեծ հավաքածուն ցուցադրում է աշխարհի լավագույն ցուցասրահներում:

Ազգային պատկերասրահում Սալվադոր Դալլիի գործերից բացի այս օրերին ցուցադրվում են նաև սյուրռեալիզմի մյուս հայտնի ներկայացուցիչներ` Հանս Բելմերի, Լեոնոր Ֆիննինի, Ջորջո դե Կիրկոյի աշխատանքները:

«Սալվադոր Դալիի և մյուս սյուրռելիստների գործերի կողքին ցուցադրվում են նաև այս ուղղությանը հարող հայ արվեստագետների գործերը: Սերգեյ Փարաջանովի, Հակոբ Հակոբյանի, Երվանդ Քոչարի և այլոց գործերը ցուցադրվում են առանձին սրահում: Ցուցահանդեսի կազմակերպիչները կարծում են, որ սա լավ առիթ է հայ արվեստասերների համար տեսնելու ու գնահատելու նաև իրենց հայրենակիցների սյուրռեալիստական ստեղծագործությունները»,– ասում է պատկերասրահի կուրատորը։ Ըստ Անի Ավագյանի՝ տարածաշրջանում նախադեպը չունեցող ցուցահանդեսի այցելուների թիվը վերջնականապես կհաշվարկվի ու կամփոփվի հոկտեմբերին, երբ կավարտվի ցուցադրությունը, սակայն մեկ ամսվա կտրվածքով պատկերասրահի աշխատակիցները այցելուների թիվը արդեն ռեկորդային են համարում: Ցուցահանդեսի առաջին օրը ցուցահանդեսի այցելուների թիվը գերազանցել է 500-ը: Այդուհետև օրական միջինը սյուրռեալիստների գործերը դիտելու է գալիս 300-400 այցելու, հիմնականում երիտասարդներ։