Կուստուրիցան ավարտում է Դոստոևսկիի մասին վեպը, որը հետագայում ֆիլմ է դառնալու
Հայտնի ռեժիսոր Էմիր Կուստուրիցան «Իզվեստիա» (Известия) թերթին տված հարցազրույցում ասել է, որ ավարտում է Դոստոևսկիի մասին վեպը, որն առաջիկայում պատրաստվում է նկարահանել։
«Ես այն եվրոպացիներից եմ, որոնք սիրում են Ռուսաստանը։ Շուտով ավարտին կհասցնեմ Դոստոևսկիի մասին վեպը, որն անվանել եմ «Իմ թանկագին Ֆյոդոր», ինչից հետո ֆիլմ կնկարահանեմ, և դա կանեմ ձեզ մոտ (Ռուսաստանում–խմբ.)։ Ես չէի ուզում սկսել Ռուսաստանի հետ կապված նախագծերը, քանի դեռ համոզված չէի, որ հաջողություն կունենամ։ Ինձ ընդհանրապես չի սազում աշխատել ռուսների հետ ու ռուսների համար և չունենալով հաջողություն»,–ասել է սերբ ռեժիսորը և հավելել, որ խնդիր կա, քանի որ Դոստոևսկիի հերոսներն ու ժամանակակից հանդիսատեսը բացարձակ տարբեր պայմաններում են ապրում. «Ինչպե՞ս բացատրել Ռասկոլնիկովի «սպանել–չսպանել» երկընտրանքը, երբ հեռուստացույցով ամբողջ օրը սպանված մարմիններ են ցուցադրում, որոնց ոչ ոք այլևս ուշադրություն չի դարձնում»։










