Մայքլ Ջեքսոնի ընտանիքը նրա հիշատակի համերգ է կազմակերպելու

15:19 • 26.07.11

Մայքլ Ջեքսոնի ընտանիքի անդամները մտադիր են այս տարվա հոկտեմբերին նրա հիշատակի համերգ կազմակերպել։ Այն տեղի կունենա Ուելսի մայրաքաղաք Քարդիֆի «Միլենիում» մարզադաշտում, տեղեկացնում է ContactMusic–ը։

Համերգի ընթացքում ելույթ կունենան բազմաթիվ հայտնի աստղեր, որոնց անունները դեռ չեն հրապարակվում, սակայն Ջեքսոնի ընտանիքի անդամների հավաստմամբ, նրանք կլինեն այն մարդիկ ում Մայքլը շատ է սիրել ու հարգել։

Տոմսերի վաճառքը սկսվելու է օգոստոսի 4–ին։ Ակնկալվում է, որ համերգին ներկա կլինի մոտ 75 հազար հանդիսական։

Համերգի կազմակերպման շուրջ խնդիրներ են առաջացել Ջեքսոնների ընտանիքում։ Նրա քույր Ջենեթն ու Ջերմեյն ու Ռենդի եղբայրները դեմ են համերգի անցկացման գաղափարին։ Նրանք գտնում են, որ սխալ է կազմակերպել համերգն այն օրերին, երբ ԱՄՆ–ում սկսվելու է Մայքլի բժիշկ Կոնրադ Մարեյի դատավարությունը, որին մեղադրում են Ջեքսոնին չկանխամտածված սպանելու համար։