Բարսելոնայում ցլամարտն արգելեցին

02:09 • 27.07.11

Օգոստոսին Բարսելոնայում տեղի կունենա քաղաքի պատմության վերջին ցլամարտը։ Այդ մասին հայտնում է Colinfo-ն՝ վկայակոչելով ցլամարտի համար նախատեսված մարզադաշտի ղեկավարությունը:

Վերջին մարտերը տեղի կունենան օգոստոսի 7-ին, 14-ին, 21-ին և 28-ին, սակայն հայտնի տորեադորները կմնան Բարսելոնայում մինչև սեպտեմբերի վերջ՝ մասնակցելու ցլամարտի հետ Կատալոնիայի յուօրինակ «հրաժեշտի արարողությանը»:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա ամռանը Կատալոնիայում ցուլերի հանդեպ ստորացուցիչ վերաբերմունքը համարվեց անմարդկային մոտեցում: Նման որոշումը պայմանավորված չէ միայն կենդանիների հանդեպ հոգածության դրսևորմամբ. այն ունի հստակ քաղաքական ենթատեքստ: Այդ ավանդական իսպանական սովորույթի վերացումը Կատալոնիայի ինքնավար հանրույթը կրկին կտարանջատի Մադրիդից: Այդ նպատակին հասնելու համար Բարսելոնան պատրաստ է հրաժարվել նույնիսկ իր «սրբությունից»՝ տուրիստներից։

Այդպիսով Կատալոնիան Կանարյան կղզիներից հետո դարձավ իսպանական 2-րդ մարզը, որտեղ ցլամատն արգելվում է:

Ցլամարտն Իսպանիայում իր հեղինակությամբ զիջում է միայն ֆուտբոլին։ Իսպանացիներն այն անվանում են «Ֆիեստա նասիոնալ»՝ ազգային տոն: Հեռուստամեկնաբաններն այն լուսաբանում են նույնպիսի ոգևորությամբ, ինչպիսին ֆուտբոլը:

2007 թվականին Իսպանիայում արշավ սկսվեց ցլամարտի հեռարձակումը դադարենելու ուղղությամբ: Այն ժամանակ հեռարձակումից հրաժավեց կենտրոնական TVE հեռուստաալիքը։ Հեռուստաընկերության ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրենց քաղաքականությանը հակասում է բռնության ցուցադրումը, քանի որ իրենց հեռուստաալիքը դիտում են նաև երեխաներ: