Բարեգործական համերգ՝ հանուն հիվանդի կյանքի փրկության

22:46 • 27.07.11

Հուլիսի 29-ին ժամը 19:00-ին Կոմպոզիտորների տան համերգասրահում տեղի կունենա բարեգործական համերգ: Ծրագրում կհնչեն հայկական ժողովրդական ու դասական հայկական երաժշտություն, ինչպես նաև հանրամատչելի ու գուսանական երաժշտություն:

Համերգի ընթացքում հնչելու է Կոմիտաս, Առնո Բաբաջանյան,Սայաթ Նովա և ժողովրդական երգերի կատարումներ: Համերգի ողջ հասույթը փոխանցվելու է «Մամասյու» բարեգործական ֆոնդին:

Համերգի մասին տեղեկատվությունը տարածվել է Facebook սոցիալական ցանցում բացված խմբի միջոցով:

Բարեգործական համերգից ստացված գումարով համերգի նախաձեռնողները պատրաստվում են գնել «Հերցեպտին» թանկարժեք դեղամիջոցը, որն անհրաժեշտ է կրծքագեղձի չարորակ ուռուցքով տառապող մի կնոջ բուժման համար: Խմբում զետեղված տեղեկատվության համաձայն՝ դեղորայքի մի սրվակի արժեքն է 3000 ԱՄՆ դոլար:

Կազմակերպիչները կոչ են անում մեր հայրենակիցներին՝ մասնակցել բարեգործական համերգին, ինչպես նաև հնարավորության դեպքում գումար փոխանցել բարեգործական ֆոնդին: