Գյումրեցիները Մինասի որմնանկարների վերաբերյալ կառավարությունից այլ որոշման են սպասում
Գյումրեցիները սպասում են իրենց միջոցներով պատրաստված և միմիայն իրենց պատկանող, սակայն կառավարության կողմից անցած ամիսներին Գյումրիից կիսագաղտնի պայմաններում տարված 4 որմնանկարների վերադարձնելու մասին որոշմանը: Այս մասին նշվում է «Շիրակ կենտրոն» հ/կ-ի նախագահ Վահան Թումասյանի տարածած հայտարարությունում։
Ըստ կառավարության այսօրվա որոշման՝ Մինաս Ավետիսյանի երկու` «Քարմշակմեքենա» փակ բաժնետիրական ընկերության նախկին ճաշարանի շենքում գտնվող «Հայկական հովվերգություն» և «Էլեկտրատեխնիկական գործարան» փակ բաժնետիրական ընկերության նախկին ճաշարանի շենքում գտնվող «Գորգ են գործում» որմնանկարները պետք է տեղափոխվեն և վերականգնվեն։ Այդ որոշման համաձայն՝ «Հայկական հովվերգություն» աշխատանքը պետք է վերականգնվի Գյումրու քաղաքապետարանի միջոցների հաշվին և տեղադրվի Գյումրու քաղաքապետարանի շենքում, իսկ երկրորդ` «Գորգ են գործում» որմնանկարը՝ «ԱԳ և ԱԱ Բաղդասարյաններ» ՍՊԸ-ի միջոցների հաշվին և տեղադրվի Գյումրու Աբովյան փողոցի 218 հասցեում սեփականության իրավունքով կառուցվող շենքի սրահում:
«Շիրակ կենտրոն» ՀԿ-ն ճիշտ է համարում, որ որմնանկարները վերականգնվեն, տեղադրվեն և ցուցադրվեն Գյումրու մշակութային օջախներում՝ հայտարարելով, որ Մինասի որմնանկարները վերոհիշյալ հասցեներում տեղափոխելու մասին երբևէ հանրային քննարկում չի իրականացվել, «առավել ևս, մեր կարծիքով, տեղափոխման վայրի առումով լավագույն տարբերակները չեն ընտրվել»:
«Ոչ պակաս զարմանալի է այսօրվա կառավարության նիստում այդ հարցով զեկուցող մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի այն հայտարարությունը, թե Գյումրու համայնքային իշխանությունները, հասարակական կազմակերպությունները, մշակույթի ու արվեստի գործիչները հանդես են եկել այդ որմնանկարները վերականգնելու և Գյումրիում տեղադրելու առաջարկով:
Մենք համոզված ենք, որ Գյումրիից նման առաջարկություն չի եղել, քանի որ երբևէ նույնիսկ քննարկման թեմա չէր կարող լինել դեռևս Գյումրիում պահպանված վերոհիշյալ որմնանկարների տեղափոխման հարցը, այլ մշտապես քննարկվել է տարված որմնանկարները վերադարձնելու խնդիրը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Թումասյանը հիշեցնում է, որ Մինասի՝ Գյումրիից տարված չորս որմնանկարները վերադարձնելու՝ ավելի քան 8000 ստորագրություններով և 450 էջից բաղկացած «Շիրակ կենտրոնի» կողմից կից գրությամբ վարչապետին ավելի քան մեկ ամիս առաջ ուղարկված պահանջագրերի պատասխանը դեռ չի ստացվել։










