ԱՄՆ–ը Եգիպտոսին կվերադարձնի Թութանհամոնի դամբարանի գտածոները

16:10 • 01.08.11

Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը օգոստոսի 2-ին Եգիպտոս կուղարկի Թութանհամոնի դամբարանից պեղված 19 հնագիտական նմուշ։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով Եգիպտոսի Հնությունների հարցերով բարձրագույն խորհրդին։

Նմուշներն ԱՄՆ-ում են գտնվում 1948թ-ից, որտեղ դրանք տեղափոխվել են այն բանից հետո, երբ Մետրոպոլիտեն թանգարանը փակեց Եգիպտոսի իր հետազոտական կենտրոնը։ Այս ընթացքում Կահիրեն բազմիցս փորձել է ապացուցել, որ դրանք իրեն են պատկանում։

Երկու երկրները հնագիտական նմուշները վերադարձնելու շուրջ համաձայնության են եկել անցյալ տարվա նոյեմբերին։ Նմուշները կցուցադրվեն Գիզայի Եգիպտական մեծ թանգարանում, որն այս պահին վերանորոգվում է և կվերաբացվի 2012թ.։

Թութանհամոնի դամբարանը հայտնաբերվել է 1922թ. բրիտանացի հնագետ Հովարդ Քարթերի կողմից։