Ուայնհաուսի հետմահու ալբոմը լույս կտեսնի աշնանը

12:18 • 03.08.11

Բրիտանացի երգչուհի Էմի Ուայնհաուսի երկրպագուները մոտ ապագայում հնարավորություն կունենան ունկնդրել նրա նոր երգերը։

Մահից առաջ Էմին մոտ 12 նոր երգ է ձայնագրել. հենց այս երգերն է նախատեսում թողարկել Universal ընկերությունը։ «Սա վերջին տարիներին երգչուհուն գրած երգերի դեմո–տարբերակներն են։ Ալբոմը, բացի սոուլ և ջազ ոճերից, կներառի նաև ռեգգի ոճի երգեր, գրում է «Բի–Բի–Սի»–ն։

Էմիի համար ծանր ժամանակաշրջանում երգչուհին սկսեց ավելի շատ թմրադեղեր օգտագործել ու ալկոհոլի նկատմամբ հակում ձեռք բերեց։ «Նա ուզում էր հնարավորինս շուտ ձայնագրել այս երգերը, որպեսզի վերջակետ դներ այդ մռայլ ժամանակներին»,–լրատվամիջոցներին ասել է Universal–ի ներկայացուցիչը։

Ուայնհաուսն ընդամենը երկու ալբոմ է թողարկել։ Վերջին Back To Black ալբոմը հինգ տարի առաջ է թողարկվել՝ երգչուհուն պարգևելով Grammy մրցանակ։

Էմի Ուայնհաուսը մահացած հայտնաբերվել էր հուլիսի 23–ին՝ Լոնդոնի իր բնակարանում։ Մահվան պատճառը մինչ այժմ պարզ չէ, հետաքննությունը շարունակվում է։