Գառնիի համար ստացված մրցանակը ԶԼՄ-ներն անուշադրության են մատնել
Մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության տնօրենի պաշտոնակատար Վլադիմիր Պողոսյանը լրագրողներին այսօր տեղեկացրեց, որ իրենց կառույցը 2011 թ. մայիսին
Ֆրանսիայում կայացած «Միլենա Մերկուրի» միջազգային մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է առաջին մրցանակի: «Այս մրցանակը մենք ստացել ենք Գառնիի լանդշաֆտի և համալիրի պահպանության համար, ինչի համար նաև 14.000 դոլար դրամաշնորհ ենք ստացել: Մրցանակաբաշխության կազմակերպման տասներկու տարիների ընթացքում առաջին անգամ է, որ Հայաստանին նման պատվավոր մրցանակ է շնորհվում»,- հպարտությամբ ազդարարեց Մշակույթի նախարարության ներկայացուցիչը: Նա ակնարկեց, որ այդ իրադարձությունը հայաստանյան ԶԼՄ-ների կողմից պատշաճ կերպով չի լուսաբանվել: «Եթե, օրինակ, որևէ սպորտային մրցույթում մեր մարզիկները գրավեին թեկուզ երրորդ տեղը, ապա համոզված եմ, որ բոլորն ավելի մեծ աղմուկով, ծաղիկ-պսակներով կդիմավորեին հաղթողներին»,- ասաց Վլադիմիր Պողոսյանը։










