Կվերականգնվեն Սանահինը, Զվարթնոցն ու Մեծամորը (տեսանյութ)

17:20 • 04.08.11

Հայաստանի պատմամշակութային հուշարձաններից ամենածանր վիճակում գտնվում են Սուրբ Գևորգ եկեղեցին ու Սանահինի վանական համալիրը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության գիտական գծով փոխտնօրեն Աշոտ Փիլիպոսյանը՝ վկայակոչելով կառավարության կողմից ստեղծված հատուկ հանձնաժողովի մշտադիտարկումների արդյունքները:

Սանահինի վանքը կառավարության 1998թ. որոշմամբ հանձնվել է Մայր Աթոռի տնօրինությանը, սակայն համալիրի վերահսկման գործառույթը վերապահված է Մշակույթի նախարարությանը:

Աշոտ Փիլիպոսյանը նշեց, որ իրենց ծառայությունը, կառավարության հետ համատեղ, համապատասխան ծրագիր է կազմել ինչպես նշյալ, այնպես էլ առանձնապես պահպանության կարիք ունեցող շուրջ 26 հուշարձանների պատշաճ վերականգնման ու պահպանման համար: Ըստ բանախոսի` առաջիկայում լուրջ աշխատանքներ են տարվելու Զվարթնոցի տաճարի, Մեծամորի հնագիտական արգելոցի և Սանահինի վանական համալիրի վերականգնման ուղղությամբ: «Դուք գիտեք, որ Սանահինը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային ժառանգության ցանկում, ուստի մենք շատ զգույշ ենք վերաբերում Սանահինին»,- վստահեցրեց ասուլիսին ներկա մշակութաբան Հակոբ Սիմոնյանը:

«ԱՄՆ-ի Նյու Յորքի համալսարանի մասնագետները երկու շաբաթ առաջ այցելեցին Մեծամոր և Զվարթնոց: Մեծամորի հետ կապված գիտագործնական և գիտահետազոտական ծրագրեր են կազմվել: Նաև պայմանավորվածություն կա, որ Նյու Յորքի համալսարանում այս տարի տեղի կունենա Զվարթնոցի ցուցադրությունը, կտպագրվի պատկերագիրք»,- տեղեկացրեց Մշակույթի նախարարության ներկայացուցիչը: