Սերժ Թանկյանը համոզված է, որ ԹՈՒՄՈ-ի դիզայնը կապշեցներ նույնիսկ Google-ին
«System of a Down» հանրահայտ ռոք խմբի մեներգիչ, ամերիկահայ երգահան Սերժ Թանկյանն այցելել է Երևանի ԹՈՒՄՈ նորաստեղծ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ էլ օգոստոսի 14-ին նախանշված է երաժշտի մենահամերգը: Այս մասին tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԹՈՒՄՈ-ի հանրային կապերի պատասխանատու Սեդա Պապոյանը: Նրա փոխանցմամբ` Սերժ Թանկյանը «Սիմոնյան» կրթական հիմնադրամի ղեկավար, բարերար Սեմ Սիմոնյանի և կենտրոնի տնօրեն Մարի Լուի Փափազյանի ուղեկցությամբ շրջել է հաստատությունում, ծանոթացել ծրագրերին ու կենտրոնի նպատակներին: Ռոք երգիչը բավականին տպավորված է եղել կենտրոնի աշխատանքներով և մանավանդ` դիզայնով: Սեդա Պապոյանը նշեց, որ Թանկյանը համոզմունք է հայտնել, որ որ ԹՈՒՄՈ-ի դիզայնը կապշեցներ նույնիսկ Google-ին:
Հիշեցնենք, որ ԹՈՒՄՈ նորաստեղծ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի պաշտոնական բացումը տեղի է ունենալու օգոստոսի 14-ին, որի ժամանակ համերգով հանդես կգան «Դորիանս» խումբը և Սերժ Թանկյանը:
Բացի այդ, երիտասարդական մեծ միջոցառումներ են նախատեսված նաև բացմանը նախորդող 2 օրերին` օգոստոսի 12-ին և 13-ին, երբ ԹՈՒՄՈ-ն կհյուրընկալի «Ռեինկարնացիա» խմբին ու DJ BaxStar-ին ԱՄՆ-ից, ինչպես նաև նախատեսվում է հատուկ 3D պրոյեկցիա շենքի վրա աշխարհահռչակ NuFormer-ի կողմից և բացառիկ խաղ հատուկ երիտասարդների համար, որը նույնպես կարտապատկերվի ԹՈՒՄՈ-ի պատին:
Միջոցառումների մուտքն ազատ է լինելու:










