«Էրեբունի» արգելոց-թանգարանում լուրջ ներդրումներ կկատարվեն

17:57 • 17.08.11

Այսօր Երևանի քաղաքապետարանի ենթակայության մշակութային հաստատությունների ընթացիկ գործունեության և զարգացման հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և ոլորտը ներկայացնող հաստատությունների տնօրենների հետ հանդիպման ժամանակ: Ներկայացնելով ոլորտի կանոնակարգմանն ուղղված քաղաքապետարանի մոտեցումները` Կարեն Կարապետյանը ընդգծել է, որ քաղաքապետարանի ենթակայության գրադարանները, թանգարանները, երաժշտական դպրոցներն ու թատրոնները պետք է ունենան զարգացման հստակ ծրագրեր, որտեղ կնախանշվեն, ինչպես ֆինանսատնտեսական բարելավման, այնպես էլ ծրագրային զարգացման ուղղությունները:

Թանգարարանները, զբոսաշրջության խթանման և այցելությունների թվի բարձրացման նպատակով ևս ծրագրեր են ներկայացվել: Մասնավորապես «Էրեբունի» արգելոց-թանգարանի մասով նշվել է, որ առաջիկայում լուրջ ֆինանսական ներդրումներ են նախատեսվում, որը, որպես բիզնես նախագիծ, կերաշխավորի ներդրումների հետագա վերադարձելիությունը:

Ծրագիրը նախատեսում է արգելոց հնավայրի վերակառուցում, թատերական ներկայացումների կազմակերպում, հանգստի գոտինների ստեղծում և գեղարվեստական լուսավորության ապահովում: