Ստուրուան կդառնա Տագանկայի թատրոնի ղեկավարը

12:53 • 18.08.11

Վրացի թատերական ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան կարող է նշանակվել Տագանկայի թատրոնի գեղարվեստական ղեկավար։ Ինչպես հաղորդում է «Երկրամաս» թերթը, այս մասին տեղեկություն տարածել է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի թատերական գործիչների միության աղբյուրը։ «Ստուրուան առավել քան լոյալ է եղել Ռուսաստանի իշխանությունների հանդեպ, նրանք չեն կարող դա չգնահատել»,– ասել է աղբյուրը։

Հիշեցնենք, որ վրացի ռեժիսորը Վրաստանի իշխանություններին քննադատելու պատճառով օրերս հեռացվել էր Թբիլիսիի պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից։

«Վրացի ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան վերջին ժամանակներում մեկ անգամ չէ, որ քսենոֆոբիական տրամադրություններ է դրսևորել, և լավ կլիներ, եթե նրան ավելի շուտ ազատեին գեղարվեստական ղեկավարի պաշտոնից»,– հայտարարել է «Բազմազգ Վրաստան» համաքաղաքացիական շարժման նախագաх Առնոլդ Ստեփանյանը։ Նրա խոսքերով՝ Ստուրուան ոչ մի բարոյական իրավունք չուներ զբաղեցնել Ռուսթավելու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։