Հայաստանի օրհներգը շուտով կհնչի նոր գործիքավորմամբ

18:29 • 22.08.11

Ամփոփվել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի գործիքավորմամբ մրցույթի հայտերի ընդունումը։ Այդ մասին այսօր Tert.am-ին հաղորդեց Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը։ Ըստ նրա՝ այս մրցույթը սկզբունքորեն տարբերվում է նախորդ՝ օրհներգի մրցույթից։ «Այս դեպքում ոչ բառերն են փոխվում, ոչ էլ երաժշտությունը։ Խոսքը երգչախմբի և նվագախմբի նոր տիպի ձայնագրությունների մրցույթի մասին է»,- նշեց նա։

Սոնա Հարությունյանի խոսքով՝ մրցույթի համար ամեն բան պատրաստ է, միայն սպասում են, որ հանձնաժողովի որոշ անդամներ վերադառնան արձակուրդից։ «Մրցույթը կկայանա սեպտեմբերին»,- հաղորդեց նա։

Հիշեցնենք, որ Հայաստանի պետական օրհներգն ընդունվել է 1991 թվականի հուլիսի 1-ին. տեքստի հիմքում հայ բանաստեղծ, հրապարակախոս Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունն է, երաժշտության հեղինակն է Բարսեղ Կանաչյանը։ Այն եղել է նաև հայոց առաջին` խորհրդարանական հանրապետության (1918-1920թթ) օրհներգը։