Երբ գովազդը երաժշտությունից կարևոր է
«Ուրբաթ» ակումբում այսօր ժամը 12։00–ին նախատեսված «Երևանի ամառային երաժշտական փառատոն – 2011»–ին նվիրված ասուլիսը չկայացավ, քանի որ ակումբի հովանավորը «Ջերմուկ Գրուպն» էր, իսկ փառատոնի կազմակերպիչները ցանկանում էին տեղադրել նաև իրենց հովանավոր «Արզնի» ընկերության գովազդային պաստառը։
Լրագրողների հետ փառատոնի կազմակերպիչները զրուցեցին դրսում։ Նրանք տեղեկացրին, որ երաժշտական միջազգային փառատոնը կմեկնարկի օգոստոսի 26–ին՝ 3 օր շարունակ հնարավորություն տալով հայ երաժշտասերին երեկոյան ժամերին Ազատության հրապարակում ունկնդրել բարձրաճաշակ երաժշտություն։
Փառատոնին կմասնակցի 12 ռոք և ջազ խումբ՝ Գերմանիայից, Իտալիայից, Դանիայից, Վրաստանից, ԱՄՆ–ից և Հայաստանից։ Ժամը 19.00–ից մինչև ուշ գիշեր ելույթ կունենա օրական 4 խումբ, իսկ ցերեկային ժամերին՝ Ազատության հրապարակի ամբողջ տարածքը կվերածվի հանգստյան գոտու, կհնչի բարձրաճաշակ երաժշտություն։
Փառատոնի կազմակերպիչների խոսքով՝ ենթադրվում է, որ փառատոնը կդառնա ամենամյա։ Փառատոնի հիմնական նպատակը հայ երաժշտասերների մոտ երաժշտական ճաշակի բարձրացումն ու ռոք երաժշտության պրոպագանդումն է։










