Մարթեն Յորգանցը 4 համերգ կնվիրի Հայաստանի մարզերի մանուկներին (տեսանյութ)

13:22 • 25.08.11

Այսօրվանից Հայաստանի մարզերում համերգներով հանդես կգա աշխարհահռչակ երգիչ Մարթեն Յորգանցը։ Անկախության 20-ամյակի իր համերգաշարը երգիչը նվիրում է Հայաստանի մարզերի հայ մանուկներին։

Այսօր նա համերգով հանդես կգա Աղվերանի «Կարին» ճամբարում՝ «Արի տուն» ծրագրի» 7-րդ փուլի փակմանը, օգոստոսի 27-ին՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքում, օգոստոսի 30-ին Արարատի մարզի Վեդի քաղաքում, սեպտեմբերի 1-ին ժամը 10:00-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում, իսկ ժամը 15:00-ին՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։

Իր մասին պատմելով՝ Յորգանցը նշեց, որ ծնվել է Ատամբուլում. «Մխիթարեան վարժարան ավարտած եմ… ավելի շուտ՝ չեմ ավարտած, մեջտեղները ձգելե հետո երգել եմ Պոլսի հայկական վարժարաններում»,- ասաց նա՝ նշելով, որ երգի սիրահարի համար դժվար է պատշաճ ուշադրություն հատկացնել ակադեմիական առարկաներին։

Յորգանցի երգացանկում 10 լեզուներով հազարավոր երգեր են ընդգրկված։ Սակայն նա իր համերգների համար երգացանկ երբեք չի կազմում՝ երգում ու ապրում է հանդիսատեսի հետ, և իր հանդիսատեսը՝ մեծ թե փոքր ուղղորդում է համերգի ընթացքը, միասին են որոշում, թե ինչ երգեր և որ լեզուներով նա պիտի կատարի. «Սակայն Հայաստանում հայերեն կերգեմ… Այդպես կըզգամ, որ պիտի հայերեն երգեմ»,- ասաց նա։