«Միմինոյի» հերոսները «կանմահացվեն» նաև Թբիլիսիում
Թբիլիսիի զբոսայգիներից մեկում ռեժիսոր Գեորգի Դանելիայի «Միմինո» ֆիլմին նվիրված հուշարձան է կանգնեցվել։ Ինչպես հաղորդում է վրացական «Գրուզիա օնլայն» գործակալությունը, հուշարձանը 4 քանդակների կոմպոզիցիա է, որը «պատկերում է» ֆիլմի 4 հերոսներին։ Դեռևս հայտնի չէ, թե երբ տեղի կունենա հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը, իսկ այս պահին հուշարձանը ծածկված է կապույտ պոլիէթիլենով։
Նշենք, որ հուլիսի 4–ին «Միմինո» ֆիլմին նվիրված մի հուշարձան բացվեց ֆիլմում Մհեր Մկրտչյանի մարմնավորած հերոսի՝ Ռուբիկ Խաչիկյանի հայրենի Դիլիջան քաղաքում։ Բացման արարողությանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակութային գործիչներ։ Հուշարձանը բացեցին ՌԴ և Վրաստանի դեսպանները Հայաստանում։ Հուշարձանը երեք քանդակների կոմպոզիցիա է։ Առաջին պլանում հայ և վրացի ընկերներն են՝ Մհեր Մկրտչյանն ու Վախթանգ Կիկաբիձեն։ Հետին պլանում հայրենական պատերազմի վետերան Վոլոխովին մարմնավորած Եվգենի Լեոնովն է։










