Ճարտարապետները սրբապղծություն են անում Թամանյանի նկատմամբ. Արմեն Պողոսյան

15:06 • 26.08.11

«Կինոյի տունը հայ իրականության մեջ ամենաբարձր շենքն է, այն կառուցված է ուղիղ մայթի վրա և շենքից մինչև երթևեկելի հատվածը 40 սանտիմետր է։ Խախտված են բոլոր տեխնիկական ու մարդկային չափանիշները։ Ես կարծում եմ` սա թշնամու մոտեցում է կետային կառույցների հանդեպ, ինչն այսօր էլ շարունակվում է»,– անդրադառնալով քաղաքաշինության խնդիրներին՝ այսօրվա ասուլիսին հայտարարեց «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը։ Նա շեշտեց, որ իրենք հետամուտ են լինելու քաղաքաշինության մեջ հարմարավետության, էսթետիկական տեսքի և անվտանգության պահպանմանը։ Միաժամանակ, նրա բնորոշմամբ, իրենք արձանագրում են ոչ միայն այդ բնագավառի բացասական կողմերը, այլև նկատում են ակնհայտ որոշ հաջողություններ, որոնք, ըստ բանախոսի, դեռևս դրվագային են ու համընդհանուր չեն։ Որպես դրական տեղաշարժ՝ ՀԿ նախագահը մատնանշեց քաղաքային նոր իշխանությունների նախաձեռնությամբ հին ու խամրած շենքերի արտաքին տեսքի բարելավումը ներկելու միջոցով, նաև գազոնների բարեկարգման աշխատանքները։

«Բաղրամյան փողոցը մեր քաղաքի հիմնական փողոցներից մեկն է։ Այնտեղ ներկայում աշխատում է վերամբարձ կռունկը՝ աղաղակող խախտումներով։ Ինտենսիվ երթևեկության պայմաններում վերամբարձ կռունկը փակում է փողոցը, իսկ դա անթույլատրելի է», – նշեց Արմեն Պողոսյանը։ Նրա դիտարկմամբ, Երևանը շուտով կենտրոնական հրապարակ չի ունենա, քանի որ դրա համար լուրջ սպառնալիք են կառավարության շենքի վրա թմբուկի կառուցման և ազգային պատկերասրահի մոտ հյուրանոց կառուցելու նախագծերը։

«Սա բերելու է ակցենտների փոփոխության։ Ճարտարապետները սրբապղծություն են անում Թամանյանի նկատմամբ։ Թյուրիմացության մեջ են գցում, երբ ասում են՝ Թամանյանը սարքել է կառավարության շենքն ու հրապարակը։ Նա ամբողջ քաղաքն է կառուցել և չէր կարող սահմանափակվել մի շենքով՝ նկատի չունենալով ճարտարապետական մյուս կառույցների ընդհանուր պատկերն ու քաղաքաշինական հարաբերակցությունը», – ընդգծեց Արմեն Պողոսյանը։