Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է 37 ուխտավորների
Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից հաղորդում են, որ երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Ավստրիայի Գրաց Սեկուա և Գուրկի թեմերից Հայաստան ժամանած 37 ուխտավորների` առաջնորդությամբ Բադ Սուզեի հոգևոր հովիվ հայր Էդմունդ Մուհրերի: Խմբի Հայաստան այցելության նպատակը հայ ժողովրդի հոգևոր և մշակութային արժեքներին հաղորդակից դառնալն է:
Ողջունելով ուխտավորների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է բերել խմբի անդամներին: Նորին Սրբությունն իր խոսքում անդրադարձել է Ավստրիայում իր ուսումնառության տարիներին և հիշողություններին:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը պատասխանել է նաև ուխտավորներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին եկեղեցի-պետություն հարաբերություններին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ծիսական և էկումենիկ կյանքին:
Հանդիպմանը ներկա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը կաթոլիկ ուխտավորներին հանգամանորեն ներկայացրել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հարաբերությունները Քույր Եկեղեցիների, մասնավորապես Կաթոլիկ Եկեղեցու հետ, տեղեկացրել երկու Եկեղեցիների միջև առկա համագործակցության մասին սոցիալական ոլորտում:
Հանդիպումից հետո ուխտավորները Մայր Տաճարում մասնակցել են Ս. Պատարագի արարողությանը:










