Կհրապարակվեն Ջոն Լենոնի 250 նամակներ

17:40 • 31.08.11

Մեծ Բրիտանիայում կհրապարակվի Ջոն Լենոնի՝ ընկերներին, բարեկամներին և գործընկերներին ուղղված մինչ այժմ չհրապարակված ավելի քան 250 նամակ։

Ինչպես հաղորդում է «Բի-Բի-Սի»-ն, նամակները կհրապարակվեն գրքի տեսքով և, հրատարակիչների խոսքերով, հնարավորություն կտան նրա երկրպագուներին իմանալ երգչի ապրումների, մտքերի մասին, որոնք չեն հասցրել երգեր դառնալ։
Լենոնի նամակները հավաքելու համար լրագրող Հանթեր Դևիսը ծախսել է շուրջ 10 տարի։ Նա խոստովանել է, որ նյութերի հավաքագրման գործում ամենադժվարը եղել է երգչի կնոջը՝ Յոկո Օնոյին համոզել իրեն տրամադրել իրենց անձնական նամակագրությունը։

Նամակների մեծ մասը Դևիսը հավաքել է կոլեկցիոներներից, որոնք համաձայնվել են «հանուն Լենոնի երկրպագուների համար պատմական իրադարձության» տրամադրել այդ նյութերը։

Հեղինակ լրագրողներին հայտնել է, որ սենսացիայի սպասել պետք չէ. պարզապես նրանք, ովքեր իրոք հետաքրքրվում են երգչի արվեստով, իրական բավարարվածություն կստատան նամակներից։

Դևիսի խոսքերով՝ Լենոնն իր ապրումները շատ հաճախ հանձնել է թղթին, և ոչ թե կիթառի լարերին։ Կենսագիրը հատկապես նշում է Լենոնի հումորի մեծ զգացումը, որը նրա նամակները վերածում են իսկական գրական գլուխգործոցների։
Գիրքը լույս կտեսնի 2012թ. ձմռանը։