Իմ նվագի կեսից ժյուրին ասաց՝ հերիք է. Ջիվան Գասպարյան
«Իմ նվագի կեսից ժյուրին ասաց՝ հերիք է, այսինքն՝ իրենց համար պարզ էր իմ նվագի որակը»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Ջիվան Գասպարյան կրտսերը՝ խոսելով Ուզբեկստանում կայացած մրցույթից իր տպավորությունների մասին:
Ինչպես արդեն գրել ենք, Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում օգոստոսի 30–ին ավարտվել է «Շարկ տարոնալարի» (Արևելքի ձայներ) միջազգային երաժշտական փառատոնում Հայաստանը ներկայացնող Ջիվան Գասպարյանն արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի կողմից սահմանված հատուկ մրցանակի:
Ջիվանի խոսքով՝ մրցույթին մասնակցում էին աշխարհի 52 երկրների ավելի քան 300 մասնակիցներ՝ հիմնականում տարիքային բարձր խմբի ներկայացուցիչներ: «Մրցույթում ոչ տարիքային, ոչ էլ ոճային սահմանափակումներ չկային, չնայած հիմնականում մասնակցում էին տարիքով մարդիկ: Մրցույթը սահմանել էր երեք մրցանակ՝ առաջին, երկրորդ և երրորդ տեղի համար, բայց բացի դրանից ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել էր երեք հատուկ մրցանակ, որոնցից մեկը ես ստացա, մեկը տվեցին Ուզբեկստանին, մյուսը՝ Ադրբեջանին: Ես մրցանակ ստացա հատուկ դուդուկ գործիքը նվագելու, այսինքն՝ հատուկ դուդուկի կատարման համար»,- պատմեց Ջիվանը:
Նա նշեց, որ իր մասնակցությունն ու ելույթը հիշյալ մրցույթին ուղեկցվել է բավական հետաքրքիր երևույթներով: «Իմ ելույթից հետո, երբ դեռ հայտնի չէր՝ ով որ տեղն է գրավել, տարբեր երկրների արտիստները մոտենում էին ինձ ու շնորհավորում: Երբ Հայաստանում Ջիվանու անվան դուդուկահարների մրցույթ եղավ, և ես հաղթեցի, սկսեցին խոսել, թե Ջիվան Գասպարյանի թոռն է, դրա համար մրցանակն իրեն տվեցին, բայց այս մրցանակը ես կարևորում եմ նրանով, որ այս դեպքում էլ չեն կարող ասել՝ պապն էր, մրցանակը թոռանը տվեցին»,- ասաց երիտասարդ երաժիշտը:
Այն հարցին, թե ո՞րն է իր պապիկի՝ հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանի ներդրումը թոռան մասնագիտական կյանքում, կրտսեր Ջիվանը պատասխանեց. «Պապս իր ներդրումն ունի այն բանով, որ ինձ սովորեցրել է ճիշտ նվագել, ճիշտ ճանապարհի վրա է դրել, բայց եթե ես վատ նվագեի, որևէ մրցանակ չէին տա»:
Լուսանկարը՝ Արտաշես Մարտիրոսյանի










