ALMA–ում կբացվի հայազգի աշխարհահռչակ լուսանկարիչ Քարշի ցուցահանդեսը
Ամերիկայի հայկական գրադարանում և թանգարանում (ALMA, ԱՄՆ, Մասաչուսեթս նահանգ, Վոթերթաուն քաղաք) սեպտեմբերի 17-ին բացվելու է կանադահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի (1908-2002թթ.) աշխատանքների ցուցահանդեսը։
Քարշը ծնվել է 1908թ. Արևմտյան Հայաստանում: 1924թ. Կանադա է տեղափոխվել, որտեղ ապրել է իր հորեղբոր՝ լուսանկարիչ Ջորջ Նաքաշյանի տանը։ Քարշի առաջին ուսուցիչը հենց հորեղբայրն է եղել, այնուհետև ուսումը շարունակել է Բոստոնում։ 1946թ. լույս է տեսել Քարշի «Ճակատագրի դեմքեր» հայտնի դիմանկարների ժողովածուն, իսկ 1962 թ. նա թղարկում է իր ինքնակենսագրական գիրքը «Շքեղություն փնտրելիս»:
1992թ. Քարշը հրապարակել է «Ամերիկայի ամենահայտնի 73 տղամարդկանց և կանանց տանը» գիրքը, որը կազմվել էր Քարշի նյույորքյան շրջագայությունից հետո:
Քարշը լուսանկարել բազմաթիվ աշխարհահռչակ դեմքերի, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Վինսթոն Չերչիլին։ Ամենահետաքրքիր պատմությունը կապված է հենց Չերչիլի հետ: 1941թ. Օտտավա ժամանած Չերչիլին Կանադայի այդ ժամանակվա վարչապետ Մաքենզի Քինգը առաջարկում է ֆոտոսեսիա անցնել: Առաջին կադրը հաջող չէր ստացվել, Քարշը Չերչիլին խնդրել էր բերանից հանել «ավանդական» սիգարը։ Երբ Չերչիլը մերժել էր նրա խնդրանքը, երիտասարդ լուսանկարիչը մոտեցել էր և նրա բերանից հանել սիգարը։ Քարշին հաջողվել էր պատկերել «զայրացած Չերչիլին»։











