Ինչպես Իրանի հեղափոխությունը այաթոլլաներին Աստծո բանկիրները դարձրեց
1976 թվականի Իրանական հեղափոխությունը, որը իշխանության բերեց շիաների առաջնորդներին, առաջին հերթին փոխել է իսլամական կրոնը` բարձրացնելով վերջինիս դերը կյանքի բոլոր ոլորտներում:
Կրոնը, որը մինչ այդ ընդամենը իրանցիների ինքնագիտակցության մաս էր, դարձավ զորեղ ամենաթափանց ուժ, գրում է BBC-ն:
Այն նաև աննախադեպ տնտեսական շահույթ բերեց: Շահեցին գրեթե բոլոր իսլամադավանները, բացառությամբ Իսլամական Հանրապետության բացահայտ ընդիմադիրների:
Իրանի բարձրագույն ղեկավարը Այաթոլլան է, ում ձեռքերում ավելի շատ իշխանություն է կենտրոնացված, քան ցանկացած քաղաքական առաջնորդ կարող է երազել: Նրա հրամանը ավելի բարձր կարգավիճակ ունի, քան իսլամական օրենքը և Սահմանադրությունը:
Նրա կարևորագույն պարտականություններից է նաև մուսուլմանական սեփականությունը, ընկերությունները և հարկերը տնօրինելը:
Ի տարբերություն այլ իսլամական երկրների` Իրանում կրոնական առաջնորդի ձեռքում են կենտրոնացած հիմնական ռեսուրսները, ներառելով` հողերը, ընկերությունները, շենքերը, հյուրանոցները, գրադարանները, դպրոցները, մզկիթները, կրոնական ուսումնական հաստատությունները, բուհերը, աստղադիտարանները և բնակելի թաղամասներ, որոնք հարյուրավոր միլիարդներ են գնահատվում: Մեշխեդում Իմամ Ռեզաի դամբարանը երկրի ամենահարուստ կազմակերպությունն է համարվում:
1979 թվականի հեղափոխությունից հետո ստեղծվեց հատուկ բյուրոկրատական ապարատ, որը գործում է պետական կառույցներին զուգահեռ: Այսպես, օրինակ, դատարանին զուգահեռ հիմնվեց հեղափոխական դատարան: Անվտանգության և ռազմական ասպարեզում նույն իրավիճակն է` ստեղծվեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որը գործում է մինչ օրս:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը տնօրինում է երկրի տնտեսության 1/3-ը և այս կազմակերպություններից ոչ մեկը պետությանը չի ենթարկվում ու հարկեր չի վճարում:
Նույնը կարելի է ասել նաև պետական ռադիո և հեռուստահաղորդակցության ցանցերի մասին, որոնք նույնպես գտնվում են կրոնական առաջնորդի անմիջական տնօրինության տակ:
Այն փաստը, որ կրոնական առաջնորդը ներկայացնում է թաքնված իմամին երկրի վրա, լեգիտիմություն է տալիս այս արտոնություններին, քանի որ համարվում է, որ այս ամենը Աստծո փողերն են, իսկ կրոնական առաջնորդը փաստացի նրա բանկիրն է:










