Երաժշտական իրարանցում Հյուսիսային պողոտայում (տեսանյութ)

16:15 • 03.09.11

Սեպտեմբերի 2-ին` ժամը 21:00-ին, Հյուսիսային պողոտայում իսկական երաժշտական իրարանցում էր: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Օդեսայում կայանալիք երաժշտական փառատոն մեկնելուց 2 օր առաջ նվեր էր պատրաստել երևանցիների համար: Նվագախմբի շարժիչ ուժը` կվինտետը, հանդես եկավ բացօթյա համերգային ծրագրով: Անսամբլի կազմում էին` Աննա Անդրեասովան (առաջին ջութակ), Ստեփան Խալաթյանը (երկրորդ ջութակ), Ռոզա Հայրապետյանը (ալտ), Գառնիկ Ենգիբարյանը (թավջութակ) և Վահագն Մարգարյանը (դաշնամուր):

Նախաձեռնողների կարծիքով` նմանատիպ միջոցառումները հրաշալի առիթ են Երևանցիներին դասական երաժշտության մեջ ինտեգրելու համար. «Այսօրվա մեր ծրագրում հատուկ ընտրել ենք այնպիսի ստեղծագործություններ, որոնք ծանոթ են շատ մարդկանց գովազդներից կամ հեռուստահաղորդումներից, բայց գուցե նրանք չգիտեն, որ այդ ստեղծագործությունները նաև դասական երաժշտության գոհարներ են», - նշեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Մոտ մեկ ժամ տևած ծրագրում անսամբլը նվագեց Ա. Պիացոլլայի «Տարվա եղանակներ», «Օբլիվիոն», «Կնոջ բուրմունքը», Գ. Բրեգովիչի «Տանգո»-ն և Ջ. Շտրաուսի «Վարդեր հարավից» ստեղծագործությունները: