Ես երբեք, երբեք չեմ օգտագործել հրաժեշտ բառը. Շառլ Ազնավուր
Երկու օրից աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը Փարիզի ամենահեղինակավոր համերգասրահներից մեկի` «Օլիմպիա» թատրոնի բեմից կսկսի իր հերթական մեկամսյա համերգաշրջանը: «Ու թեև նա գրեթե 87 տարեկան է, այդուամենայնիվ, չկարծեք, թե թողնում է բեմը», - հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը։
«Ես երբեք, երբեք չեմ օգտագործել հրաժեշտ բառը, ես ասել եմ ընդամենը, որ սա իմ վերջին շրջագայություններից մեկն է», - գործակալության հետ զրույցում շեշտել է լեգենդար շանսոնյեն` միաժամանակ հակադարձելով. - «Երբ ամերիկացի ռեժիսոր Մարտին Սկորսեզեն ներկայացնում է իր վերջին ֆիլմը, որևէ մեկը չի ասում, թե նա նորը չի նկարահանելու»:
«Ազատություն» ռադիոկայանը, վկայակոչելով «Ֆրանսպրես» գործակալությունը, հաղորդում է, որ գրեթե հազար երգերի հեղինակը երկու օր անց կվերադառնա այն բեմը, որտեղից 55 տարի առաջ սկսել էր իր փայլուն կարիերան։ «Մի շարք աշխարհահռչակ հիթերի հեղինակը նշում է, որ նոր հյուրախաղերը սկսում է առանց ավելորդ նյարդայնության, բայց` մի փոքր անհանգստությամբ»,– փաստում է գործակալությունը։
«Ես, որպես կանոն, լարվում եմ սկզբում, երբ հանդիսատեսը դեռևս դահլիճ եկած չի լինում, սակայն այն պահից, երբ գալիս են ինձ տեսնելու` այդ լարվածությունն անցնում է», - ասել է Ազնավուրն ու միաժամանակ խոստովանել. - «Մյուս կողմից, մի քիչ լարվում եմ, երբ սկսում եմ մտածել` արդյո՞ք ճիշտ է ընտրված երգացանկը, արդյո՞ք ճիշտ էի, երբ որոշեցի սկսել այս շրջագայությունը»:
«Սա չի նշանակում, թե անօգնական եմ այլևս, բայց, մյուս կողմից, պետք է հաշվի առնել նաև իմ տարիքը», - նկատել է Ազնավուրն ու խոստովանել. - «Հիշողությունս գնալով վատանում է, այնպես որ, ես ուզում եմ հանդիսատեսին ասել ճշմարտությունը` ինչ-որ մի պահի հավանաբար կսկսեմ հուշարար էկրան օգտագործել»:
Համերգաշրջանից առաջ 87-ամյա երգիչը ընթերցողի դատին հանձնեց ևս մեկ գիրք` «Մի դռնից մյուսը» հուշերի ու մտորումների ժողովածուն, ինչպես նաև նոր երգերի ժողովածուն` «Միշտ»-ը:
«Ինձ հաճախ հարցնում են` ինչ եմ մտածում կանանց մասին, երբ գրում եմ, և ես պատասխանում եմ` նախ և առաջ մտածում եմ գեղեցկության մասին, իսկ բառերը գալիս են իրենք իրենց», - ասել է Ազնավուրը:
Այս նոր համազգային համերգաշրջանում Ազնավուրը պատրաստվում է ներկայացնել մի շարք նոր երգեր, ինչպես նաև բոլոր ժամանակներում սիրված մի շարք հիթեր: Կլինեն նորություններ` ասել է Ազնավուրն ու մանրամասնել. - «Ես նոր երաժիշտ ունեմ, որը դուդուկ է նվագում, ես պատրաստվում եմ մի երգ երգել, որը ձայնագրվել է դուդուկի հետ, բայց որը երբեք հնարավորություն չեմ ունեցել ներկայացնել բեմում»:










