Սկորսեզեն ֆիլմ է նկարահանում Ջորջ Հարիսոնի մասին

13:27 • 05.09.11

Բրիտանական հայտնի «Բիթլզ» խմբի կիթառահար և վոկալիստ Ջորջ Հարիսոնի չհրապարակված երգերը, ինչպես նաև լիվերպուլյան խմբի անդամների մինչ այժմ անհայտ կադրերը հոլիվուդյան հայտնի ռեժիսոր Մարտին Սկորսեզեի նոր ֆիլմից հետո կդառնան հանրության սեփականությունը։ Իր հերթական վավերագրական ֆիլմը՝ «Կյանք նյութական աշխարհում», ռեժիսորը կնվիրի Ջորջ Հարիսոնի՝ խմբի բաժանումից հետո թողարկված ալբոմին։


Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այս օրերին ֆիլմը առաջին անգամ փորձարկվում է ամերիկյան Թելյուռայդ քաղաքի միջազգային կինոփառատոնում։ Ֆիլմի հեռուստապրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 5-ին՝ ամերիկյան HBO հեռուստաալիքի եթերում։
Բազմաթիվ մրցանակների դափնեկիր լեգենդար ռեժիսորը ֆիլմի նկարահանման ժամանակ համագործակցել է Հարիսոնի այրու՝ Օլիվիայի հետ։ Ամուսինների միջև ոչ հարթ հարաբերությունները Սկորսեզեի աշխատանքի գլխավոր թեմաներից մեկն է։ Օլիվիայի խոսքերով՝ Հարիսնոնն իրոք «մուգ ձի» էր և ինքն իրեն այդպես է բնութագրել համանուն երգում («Dark horse»): Չնայած նա հաճախակի կնոջը խանդի տեղիք էր տալիս, այնուամենայնիվ Օլիվիան կարծում է, որ իրենց հաջողվել է հաղթահարել բազմաթիվ դժվարություններ, որի համար իրենց մեծ պարգև էր սպասվում՝ «այն գիտակցումը, որ մենք ապրել ենք միասին»։


Ֆիլմի նկարահանումներին մասնակցել են նաև խմբի նախկին անդամներ Փոլ Մաքքարթնին և Ռինգո Սթարը։