Շաուլին՝ համաշխարհային բրե՞նդ‚ թե՞ տաճար
Քիչ թվով վանքեր կան աշխարհում, որոնք իրենց համբավով կարող են համեմատվել Չինաստանի Շաոլին Տաճարի հետ: Պատճառը 1980-ին նկարահանված և 2011-ին թարմացված ֆիլմն է, որը ցույց է տալիս Շաոլինի վանականների մարտարվեստի հրաշքները:
Շաոլինին փառք բերեց ոչ միայն իր 1500 - ամյա հարուստ պատմությունը, այլև Քունգ-ֆուի և Ձեն-բուդդիզմի փիլիսոփայության հատուկ ոճը:
Յուրաքանչյուր չինացի գիտի Հենան մարզում գտնվող Շաոլինի տաճարի մասին:
Այնուամենայնիվ վերջերս այն դարձել ոչ միայն ընդհանուր հիացմունքի առարկա, այլև կրոնի առևտրայնացման վերաբերյալ թեժ բանավեճերի առիթ:
Այսօր Շաոլինի վանականները ներգրավված են բոլոր տեսակի բիզնես ծրագրերում: Բիզնես ոլորտները զանազան են և հաճախ անսպասելի, ինչպես օրինակ՝ «թաքնված տաղանդ» հեռուստահաղորդումը Հայաստանում‚ համաշխարհային շրջագայություններ ցուցադրական ելույթներով, մարտարվեստի դպրոցների և ուսումնական կենտրոնների հիմնում:
Այս ամենը կատարվում է Շաոլինյան մենաստանի ներկայիս առաջնորդ Շի Յունսինի ղեկավարությամբ:
Գործարար - առաջնորդ Շի Յունսինը պակաս հռչակավոր չէ: Նա շրջագայում է ողջ աշխարհով և գովազդում Շաոլինի բրենդը: Նա նաև չինացի առաջին վանականն է, ով ստացել է գործարար կառավարման մագիստրոսի կոչում:
Չինաստանում այսօր Շաոլինի տաճարի շուրջ շատ տարաձայնություններ կան՝ ոմանք հավատում են‚ որ Շի Յունսինի վարած բրենդային քաղաքականությունն անընդունելի է‚ քանի որ այն տաճարը վերածել է առևտրի կենտրոնի: ՈՒրիշները կարծում են, որ Շաոլինը ստիպված էր բռնել առեւտրային ճանապարհը` Չինաստանում աճող գործարար ալիքի պատճառով:
Չինաստանի Ժողովրդական համալսարանի դոկտոր Չժոու Սյաոչժենը խիստ քննադատաբար է արձագանքել Շաոլինի ներկայիս վիճակին: Նա կարծում է‚ որ Շաոլինը ընկնելով փողի ետևից արդեն շատ է անցել թույլատրելի սամանը: «Տաճարը չի կարելի կառավարել ձեռնարկության նման: Այն պետք է լինի հոգևոր կենտրոն նրանց համար‚ ովքեր հավատում են: Ոչ մի դեպքում չի կարելի այն վերածել եկամտի աղբյուրի»‚- ասել է նա Բի-Բի-Սի-ին տված հարցազրույցում:










