Այսօրվա մշակույթը բնազդների դիկտատուրան է գիտակցության հանդեպ. երաժիշտ քահանա
Աշխարհում տեղի ունեցող ամեն իրադարձություն ասում է այն մասին, որ Աստված ներկա է, բայց ինչու է դա կատարվում և ում մեղքով, մենք չենք կարող ասել։ Tert.am-ի հետ զրույցում աստվածային նախախնամության, տնօրինության ու պատժի իրողությունները մեկնաբանեց տեր Թովմա քահանա Անդրեասյանը։
«Քրիստոսը գիտեր, որ հրեաներն Իրեն չեն ընդունելու. Նա Երուսաղեմ մտնելիս մարգարեացավ, որ քաղաքը գրավվելու է, և մեծ կոտորած է լինելու։ Եվ նրա մարգարեությունն իրականացավ 70թ՝ Նրա խաչելությունից 37 տարի անց, և մեծ լաց եղավ. հռոմեական զորքը մտավ քաղաք և կոտորեց 1մլն 100 հազար հրեայի»,- նշեց քահանան։ Սակայն, նրա խոսքով, դա չի նշանակում, թե հրեաներից Աստված երես է թեքել. «Նրանք էլ են Իր ժողովուրդը, և Ինքը միշտ հիշում է, որ խոստում է տվել իրենց նախահորը՝ Աբրահամին։ Իսկ Աստված Իր խոստումներից երբեք չի հրաժարվում»,- ասաց նա։
Տեր Թովման հավելեց, որ Աստված հայ ազգին էլ է փրկության խոստում տվել։ Եվ այն, որ մենք դարերով չարչարանքներ, տառապանքներ ենք կրում հավիտենական կյանքի՝ փրկության իրականացման համար է. «Չենք փոխվում, որ կատարվի, ու տառապում ենք,- ասաց նա։- «Հաճախապատում» գրքում Աստծու հետ զրույցից մի հատված կա, երբ հարցնում է. «Տեր Աստված, դու էս ժողովրդին չես լքի, չէ՞», և Աստված ասում է. «Չեմ լքի, բայց սուրն ու սուգն նրա գլխից անպակաս կլինի, որ նա իմ ճանապարհից չշեղվի։ Եվ երբ մենք շեղվում ենք, սուրն ու սուգը, որ մեր գլխին կախված են, ընկնում են այդ պահին մեզ վրա»,- մեկնաբանեց քահանան։
Որպես պրոֆեսիոնալ երաժիշտ՝ տեր Թովման հիշեցրեց, որ ազգի հոգու վիճակը լավագույնս արտացոլվում է ժամանակի մշակույթում։ «Գորկու խոսքն է՝ մշակույթը գիտակցության դիկտատուրան է բնազդների հանդեպ։ Իսկ հայերից շատերը նաև 70-ականների գրաքննության պայմաններում ամբողջ օրը լսում էին Բաքու, Թուրքիա. ասում էին՝ մեզ սա ավելի հաճելի է։ Դա աշխատանքն էր դարերի, երբ մենք մահմեդականների ձեռքի տակ էինք եղել։ Մեկը հարցնող լիներ՝ մշեցի մարդ ես, Բաքվում շա՞տ ես եղել, որ Բաքվի ալիք ես լսում. օրենքով՝ մշեցուն Մշո երգը պիտի հաճելի լիներ, բայց չէ, Բաքու էին լսում»,- հիշեց նա։
Եղեռնը մեծ սուգ էր՝ իր կորուստներով, իր մարդկային զոհերի քանակով, և քահանայի խոսքով, շատ էին զոհերի մեջ անմեղները, քանի որ «մենք էլ Աստծուն մատաղ անելիս ընտրում ենք ոչ թե հիվանդ, տկար գառ, այլ՝ ամենալավը»։ «Այդպես էլ Աստված տանում է ամենալավերին, որ մյուսների համար բարեխոս լինեն, ու որ վատերը շտկվեն։ Աստված զոհ չի ուզում, բայց գալիս են այնպիսի պահեր, երբ առանց դրա հնարավոր չէ»,- նշեց նա։
Ըստ հրեական ասույթի՝ «Արյունն է մեղքը քավում» Քրիստոսն իր արյունը հեղեց մեր մեղքերի համար։ «Բայց Քրիստոսը մինչև հիմա էլ մատաղվում է, նա խաչից չի իջնում, որովհետև մենք չենք թույլ տալիս, որ Ինքն իջնի, մենք նրան անընդհատ խաչում ենք։ Մենք սովորել ենք նրան, որ Ինքն անընդհատ մեզ համար պիտի խաչվի, իսկ մենք ապրենք էնպես, ինչպես մենք ենք ուզում։ Եվ երբեմն, երբ նրա վերքերից հոսող արյունը լցնում է համբերության բաժակը, գալիս է դատաստանը, այդ ժամանակ արյուն է թափվում, և ժողովուրդը մի պահ էդպիսի ցավից հետո սթափվում է։ …Էդպիսի սթափություն եղավ մեր ազգում 1988թ, բայց հետո մարդիկ նորից ընկան իրենց մեղքերի ճահիճը։ Իմ գրպանը, իմ տունը, իմ ուտելիքը… նախանձ, չարություն, չկամություն, ու բաժակը նորից լցվում է»,- ասաց նա։
Մեծ արհավիրքների, մեծ աղետների ու կոտորածների պատճառը քահանան տեսնում է մարդ-Աստված կապի մեծապես խզումը։ «Աստված մարդուն դարերով տալիս էր, մարդը տալիս էր Աստծուն. և այս դիալեկտիկական շրջապտույտը դարերով գործում էր։ Իսկ երբ Աստված տալիս է մարդուն, իսկ մարդը չի էլ նայում վեր, շարժումը կանգնում է, տեղի է ունենում անբնական և պայթյունավտանգ բան, և բնությունը պատժում է»։
«2004-ին լուրերով ասացին, որ ցունամին քանդել էր ամեն ինչ՝ բացի տաճարներից։ Քանդել էր բոլոր կառույցները»,- պատմեց քահանան՝ դա համարելով աստվածային նշան։ Ճարտարապետական ամրության վերաբերյալ լրագրողի դիտարկումը նա համարեց անհիմն. «Արենիի սուրբ Աստվածածին եկեղեցին՝ 13-14-րդ դարի կառույց, հիմք չունի՝ հիմքի փոխարեն Մոմիկն էնտեղ եղեգներ է լցրել, բայց չորս կողմն ամեն ինչ դարեր շարունակ քանդվել է, իսկ այն մնացել է կանգուն»։










