Երեք ծանրագույն հարվածները նրան չեն կոտրել. Նադեժդա Սարգսյանը ներկայանալու է նոր ծրագրերով

02:03 • 06.09.11

«Նրան համարում են հայկական շոու-բիզնեսի ալլաբարիսովնա, նրան նախանձում են, քննադատում, անիծում, և նրա մասին պտտվող ցանկացած լուր սկանդալ է»,- այսպես ներկայացնելով երգչուհի և պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանին՝ «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդումը ցուցադրեց նրա հետ հարցազրույցն, ուր երգչուհին բացառիկ մանրամասներ է պատմում իր ընտանեկան և գործնական կյանքի մասին։

Այս տարվա ընթացքում ընտանիքը երեք ծանրագույն հարված է կրել՝ ընտանիքի հոր՝ Դավիթ Բեջանյանի մահը, իր՝ Նադեժդա Սարգսյանի քաղցկեղ հիվանդությունը, և դստեր՝ Էմմիի ձախողումը «Եվրատեսիլ» երգի մրցույթում։ Էմմին դեռ նախորդ մրցույթի նախընտրական փուլի ավարտին հայտարարել էր, որ չի ուզում այլևս մասնակցել այս մրցույթին։ «Բայց մեզ բացատրվեց, որ էդքան Էմմայի խնդիրը չի, որքան երկիրը լավ ներկայացնելու։ Հիմա թե Էմմային ինչ ասեցին, ինչպես համոզեցին… երևի թե միակ բանն էր, որ մրցույթը չկար,- ասաց Նադեժդա Սարգսյանը։-Մենք պատրաստվում էինք ամերիկյան երաժիշտների հետ Օպերայի դահլիճում կայանալիք մենահամերգին, երբ առաջարկվեց գնալ «Եվրատեսիլ»։ Իմ հիվանդությունը, հոր հիվանդությունը, ամեն ինչ խանգարում էր Էմմային, բայց նա շատ ամուր գտնվեց… շատ ամուր»։

Ձախողումից ու դրա մասին ծավալուն քննարկումներից հետո էլ՝ Նադեժդա Սարգսյանը չի ափսոսում, որ ընդունել են մասնակցության առաջարկը և պարզաբանում է. «Ի սկբանե հայտարարվել էր, որ Ադրբեջանը պիտի էս տարի ընդուներ Եվրատեսիլը»։ Ըստ նրա՝ հաղթողի կոչման երկու հիմնական ֆավորիտները «Հաբա-հաբա» և «Բում, բում» երգերն էին, և մտահոգությունն այն էր, թե «որ մեկը մյուսին կուտի»։ Սակայն, ըստ նրա, կուլիսների հետևում որոշվել էր դուրս մղել երկուսն էլ. «Լավ աշխատեցին, մեզնից էին սովորել»,- ասաց նա։ Իսկ տապալման հաջորդ առավոտյան Էմմին մայրիկին ճանապարհել է Բեռլին՝ բուժման, ու «գնացել է շոփինգի»։

«Ցավալին ինձ համար այն է, որ մանկական Եվրատեսիլի թե Նուարայի, թե Մոնիկայի կողքին միշտ եղել եմ, ամեն ինչ արել եմ հաղթանակի համար, բայց իմ անձնական, սեփական, սեփականաշնորհված դստեր կողքին չկարողացա լինել»,- ասաց նա։

Անդրադառնալով իր հիվանդությանը՝ Նադեժդա Սարգսյանն ասաց. «Հայաստանում քաղցկեղի նկատմամբ վախ կա, բայց այն բուժվում է, և ես կուզեի, որ ինչպես Ամերիկայում, Գերմանիայում, մարդիկ սարսափելով չեն գնում, այլ գնում են ուղղակի բուժվելու, մեզ մոտ էլ բոլորն իրենց ամուր պահեին, և լավատեսորեն գնային ու բուժվեին։ Այսօր ես լավ վիճակում եմ ու դեռ ապրելու եմ ու երկար եմ ապրելու»,- ասաց նա։

Ըստ Նադեժդա Սարգսյանի՝ հայաստանյան իրականության մեջ շոու-բիզնես դեռ գոյություն չունի։ «Շատ փոքրիկ պետություն ենք, էստեղ ո՞նց կարող է շոու-բիզնես լինել. չնայած էլի փոքր պետություններ կան, որտեղ նորմալ է՝ նույն Լատվիան, Էստոնիան,- ասաց նա։- Համենայն դեպս մարդիկ աշխատում են, ուզում են զարգացնեն»։

Նա նկարագրեց իրենց նախագծերի ծնունդը. «Եթե ունենում ենք լավ իդեա, անմիջապես դիմում ենք սպոնսորներին, որոնք, փառք Աստծու, կան։ Թե չէ, մենք այսօր եթե «շոու»-ն ունենք, «բիզնես»-ը դեռ չկա։ Բիզնեսով աշխատում են մեր ռաբիս երգիչները, որոնք, հալալ ա, ապրեն, լավ գումար են աշխատում։ Իսկ էս մյուս փոքրիկ ժանրները իհարկե, այդ գումարները չի աշխատում»։

Հարվածները չեն կոտրել երգչուհուն, և նա պատրաստվում է նորովի ծավալել իր գործունեությունը։ «Քանի ամիս էր թայմ աութ էր, հիմա նոր իդեաներով եկել եմ և շուտով կիմանաք»,- ասաց նա։