«Աննա»-ին և «Քաղցր կյանքին» կհաջորդի պատմական սերիալ

13:45 • 07.09.11

Տարեվերջին Հանրային հեռուստատեսության երեք սերիալներից երկուսը կվերջանան: «Աննա»-ին և «Քաղցր կյանքին» կհաջորդի նոր` 22 մասանոց սերիալը, որը էապես կտարբերվի հայկական հեռուստատեսությունում եթեր հեռարձակվող բոլոր սերիալներից` այսօր կայացած ասուլիսում խոստացավ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը: Այն կունենա պատմական հիմք և կվերաբերի Հայաստանում քրիստոնեության ընդունմանն ու դրան նախորդող հեթանոսական շրջանին:

«Այս կարգի ֆիլմերը հետզհետե գերակշռող կլինեն մեր եթերում: Դրանց զուգահեռ կնկարահանվեն նաև նոր գեղարվեստական ու վավերագրական ֆիլմեր, և, ինչ խոսք, եթեր կտրամադրվի նաև «Աննա»-ի նման սերիալներին»,- նշեց Ալեքսան Հարությունյանը:

Նրա խոսքով` «Հրեշտակների դպրոցը» դեռ կշարունակվի մինչև տարեվերջ և ֆիլմի հերոսները «բարով-խերով կավարտեն դպրոցը»: