Հայ գաղթականների մասին պատմող «Լուսնային հրեշի» պրեմիերան Չիտայում մեծ ոգևորությամբ է ընդունվել

13:51 • 08.09.11

Ռուսաստանի Չիտա քաղաքում տեղի է ունեցել դրամատուրգ Ռիչարդ Կալինոսկու «Լուսնային հրեշ» պիեսի պրեմիերան՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի բեմադրությամբ։

Ինչպես հաղորդում է  ռուսական Rfn.ru կայքը, 1915թ. Ցեղասպանությունը վերապրած հայ գաղթականների մասին պատմող այդ ներկայացումը մեծ տպավարություն է գործել հանդիսատեսի վրա։ «Սա պատմություն է գլխավորի մասին. հայրենիքի, ընտանիքի հանդեպ սիրո, տղամարդու և կնոջ հարաբերությունների մասին։ 1915թ. ջարդերից փրկված և Ամերիկայում հաստատված Արամը և Սեդան, որոնք կորցրել էին իրենց ծնողներին, փորձում են օտարության մեջ կառուցել իրենց ընտանիքը։ Արամը տառապում է երեխաներ ունենալու կպչուն մտքից, իսկ Սեդան ձգտում է իր հոգու վերքերը բուժել և պարզապես ապրել, ամեն օր  լինել երջանիկ՝ անկախ ամեն ինչից։ Ներկայացումը ռեքվիեմ է՝ նվիրված հայ ժողովրդի զոհերի հիշատակին»,–ասված է կայքում։