Guardian–ը՝ աշխարհահռչակ Տիգրան Համասյանի մասին
Հայազգի 25–ամյա աշխարհահռչակ ջազային դաշնակահար Տիգրան Համասյանին է անդրադարձել բրիտանական հեղինակավոր Guardian պարբերականը։ «Նա արդեն մի քանի խոշոր մրցանակների է արժանացել և, լսելով նրա վերջին՝ «Մի առակ» (2011թ.) ձայնասկավառակի «Մի օր իմ արքայազնը կգա» Someday My Prince Will Come կատարումը, դժվար չէ ասել, թե ինչու է նա «շփոթմունքի մեջ գցել» ժյուրիի անդամներին։ Սա այս ձայնասկավառակում միակ ջազային կատարումն է, մյուսները հայկական ժողովրդական երաժշտությամբ ոգեշնչված գործեր են»,– գրում է պարբերականը։
Տիգրան Համասյանը ծնվել է 1987թ. Գյումրիում։ 2000թ. Երևանյան երկրորդ միջազգային ջազային փառատոնի ժամանակ Տիգրանի կատարումը լսել և շատ հավանել էր հայտնի ջազային դաշնակահար, փառատոների կազմակերպիչ Ստեփան Կոչոյանը: Վերջինս, շատ տպավորվելով Տիգրանի ելույթով, նրան Ֆրանսիա է հրավիրում՝ մեծահասակների համար նախատեսված մի քանի փառատոների մասնակցելու համար։ 2003 թ. Տիգրանը Փարիզի ջազային դաշնակահարների միջազգային մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրեց, իսկ Jazz a Juan Revelations-2003–ում՝ առաջին մրցանակը, առաջին մրցանակին արժանացավ նաև Montreux Jazz Solo Piano Competition-2003 մրցույթում։ 2005թ. Մոսկվայի դաշնակահարների ջազային միջազգային մրցույթում արժանացավ երրորդ մրցանակի, իսկ Մոնակոյի ջազային դաշնակահարների մրցույթում՝ առաջին մրցանակի։
Իսկ ԱՄՆ–ում նրան ամենամեծ հաղթանակն էր սպասում. 2006թ. դաշնակահարների հեղինակավոր Թելոնիուս Մոնքի (Thelonious Monk) անվան մրցույթում նա առաջին մրցանակին արժանացավ։










