Շուկան ինձ երբեք դուրս չի մղել, չնայած անարդար բաներ շատ կային. Շպռօտ
Tert.am-ը հարցազրույց է անցկացրել ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Շպռօտ-ի հետ, որը վերջերս հերքեց այն լուրերը, թե ինքը որոշել է չվերադառնալ Հայաստան։ Նա խոսել է իր բեմական կերպարի, ստեղծագործական գործունեության հեռանկարի, Հայաստանից մեկնելու պատճառի մասին։
- Հայ հանդիսատեսը Ձեզ ճանաչում է՝ որպես տարօրինակ, ազատ ու ինքնավստահ այլախոհ. դա արտահայտվում է Ձեր հագուստով, դիմահարդարմամբ, խոսքով… ամեն ինչով՝ անունից սկսած։ Դուք հենց այդպիսի՞ն եք, թե՞ սա Ձեր բեմական կերպարն է, որը տուն գնալուն պես լվանում եք, դառնում բոլորովին այլ Անի Թովմասյան։
- Ինձ չի թվում է, որ հայ հանդիսատեսը ինձ ճանաչում է, որպես տարօրինակ և ինքնավստահ այլախոհ: Միգուցե դա ձեր կարծիքն է։ Այն, ինչ ես արել եմ, ուներ այլ ուղերձ: Ցավում եմ, որ ոմանց տեղ չհասավ իմ ուղերձը։ Մի բան էն չեմ արել երևի, իսկ ինչ վերաբերում է իմ բեմական կերպարին, կային բաներ, որ չափազանցված էին, որպեսզի հանդիսատեսի ուշադրությունը գրավեր տվյալ ուղերձին: Ես տանը և ընկերների հետ Անին եմ`սովորական աղջիկ...
- Ի՞նչ դժվարությունների է առերեսվում Շպռօտը՝ որպես հասարակական ստանդարտից դուրս մտածող և ապրող մարդ։
- Էստեղ՝ ԱՄՆ-ում, ես չեմ զգում, որ ստանդարտից դուրս եմ, հետևաբար ես չունեմ դժվարություններ այդ պարագայում, չհաշված որոշ հայերի, իհարկե, որ ստիպված եմ շփվել նրանց հետ։ Շեշտում եմ՝ որոշ ...
- Ե՞րբ և ի՞նչ նախագծերով եք վերադառնում Հայաստան։ Մոտ ապագայում սպասե՞նք նոր երգի կամ տեսահոլովակի։
- Անցյալ ամառ երկու երգ ուղարկեցի Հայաստան: Դուք ժուռնալիստ եք, պիտի որ տեղյակ լինեիք դրա մասին: Ինձ համար դժվար է ստեղծագործել: Ֆինանսներս չեն հերիքում:
- Ո՞րն է խնդիրը, որ հայաստանյան երաժշտական շուկայում որպես առանձնահատուկ կերպար աշխատելը փոխարինել եք արևմտյան երկրում աննկատ-ստանդարտ աշխատանքով։ Շուկան Ձեզ դո՞ւրս է մղում, թե՞ սա ստեղծագործական տեղատվություն է՝ դադարի պահ։
- Շուկան ինձ երբեք դուրս չի մղել։ Ես յուրօրինակ էի իմ ոճի մեջ, ես երջանիկ էի, որ իմ սիրած գործով էի զբաղվում: Ճիշտ է, անարդար բաներ շատ կային, բայց ես փորձում էի հեռու մնալ, քանի որ ես սիրում եմ էքսպերիմենտներ: Ես ուզեցի փորձել ապրել ուրիշ երկրում, նոր մշակույթ, նոր լեզու, նոր շրջապատ: Ինձ հետաքրքիր էր՝ արդյո՞ք ես կարող եմ ապրել ոչ հայտնի կյանքով, որովհետև հսյտնի լինելը մի տեսակ քեզ կտրում է իրականությունից: Շատ արկածների միջով եմ անցել։ Կարող եմ ասել՝ ես երկու կյանք ունեմ, կարոտում եմ շատ բարեկամներիս, ընկերներիս, ֆաներիս, Երևանս:
- Ձեր նախընտրած կերպարը հարմար է տարբեր բամբասանքների, բաց կատակների ու քննադատությունների համար։ Դուք էլ, կարծես, դրանց ցավագին չեք արձագանքում։ Չե՞ք զայրանում, հուզվում, նեղվում, արդարանալու ցանկություն չի՞ արթնանում։
- Իմ կերպարը ես եմ ընտրել, իսկ այդ կերպարը թույլ է տալիս որոշ կատակների, եթե դրանք անձնական վիրավորանք չեն հասցնում, իհարկե դա չի նշանակում, որ ես արժանապատվության զգացում չունեմ: Հիմա ես այլևս կերպարի մեջ չեմ ու ինձ շատ լավ եմ զգում…
- Ո՞րն է Ձեր մասին ամենաանհեթեթ բամբասանքը, որ Ձեզ է հասել, ե՞րբ է այդ առասպելը հյուսվել, և ինչպե՞ս եք դրան արձագանքել։
- Ես բամբասանքները շուտ մոռանում եմ: Այն, ինչ ինձ չի երջանկացնում, ես փորձում եմ չկենտրոնանալ:
- Ըստ Ձեզ, ի՞նչն է պակասում Ձեր հանդիսատեսին, և ինչպե՞ս եք փորձում այն լրացնել։
- Տարբեր երկրներում ժամանակը տարբեր է առաջ գնում, արտիստները փորձում են ժամանակը զգալ և հանդիսատեսին հասցնել իրենց զգացած ապրումները: Հանդիսատես կա՝ պատրաստ է ընդունելու նորը, հանդիսատես կա՝ դեռ հասունացման պրոցեսում է: Չես կարող նրան փոխել, բայց կարող ես տեղյակ պահել: Կան արտիստներ, նրանք աշխատում են հասարակության լայն մասսայի համար, բայց ես որոշ մասի համար եմ աշխատել…










