Լիլիթ Հովհաննիսյանը դեռ երկրորդ հորիզոնականում է
Բաթումում ավարտվեց «Golden Talent 2011» միջազգային երաժշտական մրցույթը։ Երկրորդ մրցութային օրվա արդյունքներով կրկին Հայաստանը երկրորդ տեղում է, առաջին տեղում է Վրաստանը, երրորդում՝ Մոլդովան։
Այսօր առաջինը ելույթ ունեցավ Էստոնիայի ներկայացուցիչը, երկրորդը՝ Հայաստանը ներկայացնող Լիլիթ Հովհաննիսյանը, հաջորդաբար՝ Բուլղարիայի, Վրաստանի, Ադրբեջանի, Բելոռուսի, Մոլդովայի, Մալազիայի, Թայլանդի, Լիտվայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Լատվիայի, Ղրղզստանի, Մակեդոնիայի, Սլովենիայի մասնակիցները։
Լիլիթ Հովհաննիսյանն ակապելլա կատարեց Կոմիտասի «Էս գիշեր» երգը։ Բեմադրության խորհրդատուն էր Արթուր Գրիգորյանը, հագուստների դիզայները՝ Լիլիթ Մարգարյանը։ Լիլիթ Հովհաննիսյանը մրցույթի միակ մասնակիցն էր, ով ելույթ ունեցավ առանց նվագակցության։
18 մասնակիցներից՝ հաղթողները հայտնի կդառնան միայն վաղը՝ փակման հանդիսավոր արարողության ժամանակ, երբ կամփոփվեն նաև հանդիսատեսի քվեարկության արդյունքները, և այդ միավորները կգումարվեն ժյուրիի գնահատականներին։ Միայն այդ ժամանակ կհրապարակվեն բոլոր արդյունքները, և հայտնի կլինեն ոչ միայն ոսկե, արծաթե և բրոնզե ձայն ճանաչված մասնակիցներն, այլև՝ այլ անվանակարգերի հաղթողները։
Ի դեպ, այսօր Ադրբեջանի ներկայացուցչի ելույթի ժամանակ ութ՝ աղջիկ և տղա պարողները հագել էին միանման կարմիր շրջազգեստներ։ Տղաների շրջազգեստների միակ տարբերությունն այն էր, որ կրծքի կտրվածքն առավել խորն էր։
Հիշեցնենք, որ «Golden Talent 2011» միջազգային երաժշտական մրցույթի առաջին օրը ևս Ժյուրիի ամենաբարձր գնահատականները ստացել էր Վրաստանը ներկայացնող Սալոմե Կատամաձեն։ Երկրորդ տեղում Հայաստանի ներկայացուցիչ Լիլիթ Հովհաննիսյանն էր, իսկ երրորդում՝ Մոլդովայի ներկայացուցիչը։
«Golden Talent 2011» -ի առաջին օրը մասնակիցները կատարել էին համաշխարհային ճանաչում ունեցող երգեր, երկրորդ օրն՝ իրենց երկրներում հայտնի հիթեր։










