«Նարեկացիում» կներկայացվի Ժիրայր Աղավելյանի «99 PLEASANT»-ը
«Նարեկացի» արվեստի միության ցուցասրահում վաղը անհատական ցուցահանդեսի բացում է: «99 Pleasant» խորագրի ներքո լուսանկարների ու լուսանկարչական կոլաժների յուրօրինակ համադրությամբ` կցուցադրվեն ռեժիսոր Ժիրայր Աղավելյանի աշխատանքները: Ինչպես տեղեկանում ենք արվեստի միությունից, սրահում ներկայացվող ցուցադրանքին զուգահեռ` սահող տեսաֆիլմի ձևաչափով, կներկայացվեն նաև արվեստագետի գեղարվեստական ու վավերագրական լուսանկարների ու լուսանկարչական կոլաժների տեսաշարերից կազմված երեք ֆիլմ, որոնցից մեկի՝ «Յուպիտերի» համար երաժշտությունը հեղինակել է հենց ինքը` Ժիրայր Աղավելյանը: Հայ ռեժիսորը, ով այժմ բնակվում է Միացյալ Նահանգներում ու երբեք չի ապրել անկախ Հայաստանում, ցուցահանդեսը նվիրում է Հանրապետության անկախության հոբելյանական 20-ամյակին: «99 Pleasant»-ը բաց կլինի մինչև սեպտեմբերի 17-ը:
«99 Pleasant»-ը ռեժիսորի ամերիկյան հասցեի` Բոստոն քաղաքի Փլեզանթ 99 փողոցի այսօրինակ վերընթերցման փորձ է, որում ներկայացված են թե՛ առանձին լուսանկարներ, թե՛ լուսանկարների ու կոլաժների ամբողջական շարքեր, որոնցից մեկի հերոսներն, օրինակ, ԽՍՀՄ-ից Բոստոն արտագաղթած Հայրենական պատերազմի տարեց վետերաններ են: Մեկ այլ շարքում, ի թիվս այլոց, լուսանկարի տեսքով վերապատկերված են Վերածննդի շրջանի հայտնի կտավներ, որ լուսանկարների տեսքով ու գեղարվեստական մեկնության յուրօրինակ լուծումներով, վերհառնում են Ժիրայր Աղավելյանի ռեժիսորական դիտանկյունից:
Ժիրայր Աղավելյանը ծնունդով Հայաստանից է, սակայն 1991-ից ի վեր բնակվում է Միացյալ Նահանգներում: Լինելով Լենինգրադի Կուլտուրայի ինստիտուտի Կինոյի բաժնի շրջանավարտ, հետո նաև Երևանի կենտրոնական հեռուստաալիքի` այժմ Հ1, ռեժիսոր, նա հեղինակել է շուրջ մեկ տասնյակ գեղարվեստավավերագրական, այդ թվում՝ միջազգային փառատոնների մասնակից կինոնկարներ «Վարդանանք» /1984թ./, «Քարերի սիմֆոնիա» /1987թ./, «Լավաշ» /1988/, «Ո՞վ է նա` Էդվարդ Ղազարյանը» /1985թ./, «Հավերժի ճամփորդը» /1989թ./ «Նռան ճյուղերով բոցուն» /1989թ./, «Տո՜ւր մեղքերիս իմ թողություն» /1991թ./, «Armenian struggle for survival/ Գոյատևելու հայկական պայքարը» /1993թ./:










