Ստուրուայի պաշտոնանկությունից հետո Ռուսթավելի թատրոնը հնարավոր է երբեք չունենա գեղարվեստական ղեկավար
Թբիլիսիի Շ. Ռուսթավելիի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Ստուրուայի հեռացումից հետո այդ պաշտոնը, հնարավոր է, ընդմիշտ թափուր մնա, հայտնում է GHN–ը։
Վրաստանի մշակույթի նախարար Նիկա Ռուռուան գործակալությանն ասել է, որ այդ պաշտոնին նոր թեկնածու նշանակելու անհրաժեշտություն չի տեսնում։
«Մենք այդ պաշտոնի համար նոր թեկնածու չենք ընտրել և չկա նման անհրաժեշտություն։ Օրենքն ասում է, որ Ռուսթավելի թատրոնը կարող է ինչպես ունենալ գեղարվեստական ղեկավար, այնպես էլ՝ չունենալ։ Այնպես որ, այդ հարցն օրակարգում ընդհանրապես ընդգրկված չէ»,–ասել է նախարարը։
Հիշեցնենք, որ Ստուրուան հայտարարել էր, թե վրացի ժողովուրդը պետք է հրաժարվի ներկայիս իշխանություններից, ինչպես գերմանացիները հրաժարվեցին Հիտլերից։ Իսկ ավելի ուշ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հայ էր անվանել՝ հավելով, թե ինքը չի ցանկանում, որպեսզի իր երկրի նախագահը լինի հայը, որը չի հասկանում, թե ինչ են ուզում վրացիները։
Ստուրուայի պաշտոնանկությունից հետո Վրաստանի մշակույթի նախարար Նիկա Ռուռուան ասել էր, որ Ստուրուան պաշտոնից հեռացվել է ոչ թե Սաակաշվիլիին քննադատելու, այլ «իր օտարատյացության» համար։










