Ստոկհոլմում բացվել է Այվազովսկու ցուցահանդեսը

17:57 • 13.09.11

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի բնակիչներն առաջիկա 75 օրերի ընթացքում բացառիկ հնարավորություն կունենան Ստոկհոլմի Շվեդիայի պատմության թանգարանում դիտել հայտնի նկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավների ցուցահանդեսը։

Ինչպես հաղորդում է ռուսական Kp.ru կայքը, ցուցահանդեսը կրում է «Այվազովսկին վարպետ է.ռուսահայ նկարիչ» անվանումը։

«Սովորական մարդկանց շրջանում Այվազովսկին գրեթե հայտնի չէ։ Ես դա հասկանում եմ՝ տեսնելով, թե շվեդների մեծամասնությունն ինչպես է արձագանքում նկարներին»,– պատմում է թանգարանի  էքսկուրսավար Մարիա Էկբալտը։

Կայքը ընդգծում է, որ Այվազովսկին շատ է ճանապարհորդել ոչ միայն եվրոպական երկրներում, այլև Եգիպտոսում, ԱՄՆ–ում։ Նրա նկարներն այսօր առկա են ոչ միայն Թեոդոսիայում գտնվող նրա ամենամեծ թանգարանում, այլև Օդեսայում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սամարում։ «Կտավներ կան նաև Թուրքիայում, քանի որ Այվազովսկին որպես պալատական նկարիչ  կատարել է ոչ միայն ռուսաց թագավորի պատվերները, այլև թուրք սուլթանի»,– պատմել է Էկբալտը։

Այվազովսկին նաև Ստոկհոլմում է  եղել։ «Ստոկհոկմում եղած ժամանակ նա նկարել է Թագավորական դղյակը պատկերող հայտնի կտավը։ Այվազովսկին, հավանաբար, ենթադրում էր, որ իր երևակայության շնորհիվ  կարող է բնությունը պատկերել ավելի լավ, քան այն իրականում կա, քանի որ կտավում մի կողմից առկա է արևամուտը, մյուս կողմից՝ լուսնի լույսը, որը լույսը պատկերելու նրան բնորոշ մեթոդն է»,–նշում է արվեստագետ Բյորյե Ֆրիդլանդը և հավելում, որ վերոնշյալ կտավը երկու տարի առաջ աճուրդում վաճառվել է մի քանի միլիոն կրոնով և, հավանաբար, Ռուսաստան վերադարձվել։