Անիմացիոն շաբաթ Երևանում. մեկնարկում է «Ռեանիմանիան»

16:07 • 14.09.11

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում կմեկնարկի «Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի երրորդ փառատոնը, որի ընթացքում հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա տեսնելու հայ անիմատորների և աշխարհում մեծ ճանաչում ունեցող կինոընկերությունների արտադրած լավագույն անիմացիոն ֆիլմերը:


Փառատոնին այս տարի կմասնակցի 40 ֆիլմ 32 երկրից: Մինչև սեպտեմբերի 19-ը փառատոնի շրջանակներում կանցկացվեն մրցութային և հատուկ ծրագրեր, սեմինարներ, ցուցահանդեսներ: Կազմակերպիչների խոսքով` երեք տարվա ընթացքում փառատոնի ձեռքբերումները բազմաթիվ են: Այս տարվա գլխավոր ձեռքբերումը նրանք համարում են վարպետության դասընթացները, որոնք կվարեն անիմացիայի` մեծ ճանաչում ունեցող վարպետները:

«Հայկական անիմացիան յուրահատուկ է նրանով, որ եկամուտ չի հետապնդում, բիզնեսի չի վերածվում:Հիմնականում կարճամաետրաժ ֆիլմեր են նկարահանվում, որոնք որակով չեն զիջում ոլորտի առաջատարներին: Ձեր երկրում հիմնական խնդիրը արդեն նկարահանված ֆիլմի ցուցադրությունն ապահովելն է: Ես կարծում եմ` հայկական անիմացիան միանգամից զարգացում կապրի, եթե ավելի շատ մարդիկ հնարավորություն ունենան այն տեսնել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց առաջին անգամ Հայաստան այցելող անիմացիայի մասնագիտական դասընթացներ վարող Յոշիհարու Աշինոն:

Փառատոնի կազմակերպիչ Վրեժ Քասունու խոսքով` այս տարի անակնկալները շատ են լինելու: Հանդիսատեսը հնարավորություն կունենա տեսնելու անկախության 20 տարիների ընթացքում նկարահանված համարյա բոլոր հայկական ֆիլմերը: Կցուցադրվի նաև «Կուկարաչա» հայկական առաջին լիամետրաժ անիմացիոն ֆիլմը: Փառատոնին ներկայացվող ֆիլմերը փառատոնի գլխավոր հովանավոր UCOM-ի նախաձեռնությամբ ընկերության բաժանորդները հնարավորություն կունենան հեռուստատեսությամբ տեսնելու օրվա ցանկացած պահի:

Փառատոնի շրջանակում կկայանա նաև «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի արհեստավարժության փակ դասընթացը, որը կվարի Մաքս Հաուորդը: Դասընթացին կցուցադրվեն հայ և թուրք անիմատորների աշխատանքները: Նրանք հնարավորություն կունենան նաև փոխանակվել փորձով և պայմանավորվել հետագա համագործակցության շուրջ: Ծրագրի ղեկավար Մաքս Հաուորդը, կարևորելով այս նախագիծը, ասաց.

«Այնպիսի փոքր արդյունաբերություն ունեցող երկրում, ինչպիսին ձերն է, շատ դժվար է անիմացիոն ֆիլմեր ստեղծել, բայց ես ուրախ եմ նշել, որ դուք արդեն ունեք «Ռեանիմանիա» փառատոնը և իմ կարծիքով այն մեծ խթան կհանդիսանա անիամացիոն ֆիլմերի զարգացման համար: Ես սա Էվոլյուցիա եմ համարում, քանի որ փառատոնի շրջանակում Հայաստան են գալիս միջազգային ճանաչում ունեցող բազմաթիվ անիմատորներ, որոնց վարպետության դասընթացներից մեծ օգուտ կարելի է քաղել»: